Պարենամթերքի տեխնոլոգներ․ աշխատանքի առաջարկ դիպլոմայինների պաշտպանության ժամանակ

Մայիսի 27-ին կայացավ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Թեմաները բազմազան էին՝ վաֆլիների ու հալվայի արտադրության տեխնոլոգիաներ, կաթի վերամշակման անթափոն արտադրություն, պանրի արտադրության տեխնոլոգիական հաշվարկներ․․․

Թեպետ առանձին դեպքերում հաղորդակցության հմտությունների պակասը զգացվեց, սակայն ընդհանուր առմամբ, ավարտական աշխատանքները եւ դրանց ներկայացումը բավարարեցին հանձնաժողովի ակնկալիքները։ Համենայնդեպս, ակնհայտ էին թե դիպլոմային աշխատանքների ղեկավարների արդյունավետ ջանքերը եւ թե ուսանողների կապվածությունը մասնագիտությանը։

Կատարելագործվելու  տեղ միշտ եւ ամենուր կա, այդ թվում՝ մեր նորաթուխ տեխնոլոգների համար։ Գոհացուցիչն այն է, որ մեր համալսարանում «սովորել սովերեցնելու» հայեցակարգը գնալով ավելի է նյութականանում։ Հանձնաժողովի նախագահ, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանի տված խորհուրդն էլ պատահական չէր․ «Որքան կարող եք, անընդհատ խորացեք ձեր ընտրած մասնագիտության մեջ»։ Այս ուղերձից բացի, պարոն Պողոսյանն էլի ասելիք ուներ՝ կոնկրետ կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտության ուսանողներին․ նրանց առաջարկեց թողնել իրենց տվյալները՝ առաջիկայում մասնագիտական աշխատանքի առկա հնարավորությունից օգտվելու համար։ Այլ խոսքով՝ ուսանողները աշխատանքի առաջարկ ստացան դիպլոմը պաշտպանելուց անմիջապես հետո։

Վերջում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխն․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, դասախոսներին, դիպլոմային աշխատանքների ղեկավարներին՝ կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ բակալավրիատն ավարտելուց հետո շատ ուսանողներ կնախընտրեն ուսումը շարունակել մագիստրատուրայում․ այս մակարդակը ուսանողներին հնարավորություն է տալիս լիարժեք կերպով խորանալ մասնագիտության մեջ, իսկ 70 հազար դրամ կրթաթոշակը մեծապես կօգնի նրանց այդ գործում։