Պաշտոնով գիտնական, կոչումով՝ աշխատավոր, կերպարով ազնվական․ Հրաչյա Ծպնեցյանը 60 տարեկան է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը այս օրերին ծննդյան 60-ամյակի առիթով ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ է ընդունում ոչ միայն համալսարանի, այլեւ նախկին գյուղատնտեսության՝ այժմ էկոնոմիկայի նախարարության գործընկերներից, երկրի գիտակրթական եւ գյուղատնտեսական ամբողջ հանրությունից։ Ով աշխատել է Հրաչյա Ծպնեցյանի հետ կամ նրա ղեկավարության ներքո կամ եղել նրա ղեկավարը՝ կվկայի, որ պարոն Ծպնեցյանը միշտ Մարդ, Գիտնական, Աշխատավոր, Ընկեր, Ղեկավար է, բայց ոչ երբեք պաշտոնյա։ Այդպիսին է եղել եւ մնացել նաեւ արտերկրի գործընկերների համար, որոնք շատ բարձր են գնահատում վաստակը միջազգային համագործակցության մեջ եւ «գնում նրա հետեւից»՝ անկախ աշխատավայրից։

Երեք տարի առաջ հաճույքով միանալով Ագրարայինի նոր ղեկավար թիմին, պարոն Ծպնեցյանը շարունակաբար, իրեն բնորոշ անտրտունջ ջանասիրությամբ բարձրացրել է մեր համալսարանի համակարգում գործող գիտական ու հետազոտական կառույցների արդյունավետությունը,  իսկ որպես գլխավոր խմբագիր՝ նաեւ մեր «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի վարկանիշը։

Գիտության մեջ՝ տեր եւ ծառա, աշխատանքում՝ անփոխարինելի, մարդկային կերպարով ու փոխհարաբերություններում՝ ազնվական․ պարոն Ծպնեցյանի այս խիստ համառոտ բնութագրի «բացվածքը» նրան ճանաչողները կարող են ծավալել ու հարստացնել իրենց «բաժին» Հրաչյա Ծպնեցյանով։ Մենք միայն արձանագրենք, որ նա նաեւ գեղեցիկ, մտավորական ընտանիքի գլուխ է, բազմազավակ հայր եւ այս առումով նույնպես՝ օրինակելի հայ եւ քաղաքացի։

Հոբելյանը լավ առիթ է մարդու վաստակը արժեւորելու համար, եւ այդ առիթն օգտագործեց նաեւ համալսարանի ռեկտորատը՝ պատվոգրով պարգեւատրելով պարոն Ծպնեցյանին՝ «Հայրենական գիտությանը մատուցած նշանակալից ծառայության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգում գիտական գործունեության հմուտ ղեկավարման եւ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ»։

Ագրարային համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ անձնակազմերը, ուսանողությունը շնորհավորում են պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին հոբելյանի առթիվ ու մաղթում ամուր առողջություն եւ նոր ծանրակշիռ հաջողություններ համալսարանի նորօրյա պատմությունը կերտելու ճանապարհին։

Հրաչյա Ծպնեցյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: