Պաշտոնապես բացվեց Գիտելիքի նորարարական հաբը Վանաձորի մասնաճյուղում

Երեկ՝ հուլիսի 15-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում կայացավ Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ ՀԱԱՀ եւ Կանաչ Արահետ ՀԿ-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ մարզպետարանից եւ քաղաքապետարանից, ՀԿ ոլորտից, դպրոցներից եւ քոլեջներից, դասախոսներ եւ այլ շահակիցներ։ Գիտելիքի նորարարական հանգույցի (հաբի) բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Կանաչ Արահետ ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պատոնակատար Աշոտ Շերմազանյանը, ծրագրի ազգային համակարգող Լուսինե Վերդյանը եւ հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շեշտեց հաբի կարեւորությունը Լոռու մարզում գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում նորարարական լուծումների, տեխնոլոգիական ապագայի կերտման տեսակետից։

Ձեռք բերվեցին ապագային միտված բազմաթիվ պայմանավորվածություններ մարզի եւ համայնքի պաշտոնական ներկայացուցիչների եւ հաբի հիմնադիր կազմակերպությունների միջեւ։

Ինչպես հաղորդում է հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը, հաբը երիտասարդների համար առաջարկում է ընդհանուր աշխատանքային տարածք, ստեղծում հավասար հնարավորություններ, ապահովում կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում լավագույն մասնագետների ներգրավումը, փորձի փոխանակումը, նորարարական գիտելիքների ձեռքբերումն ու դրանց գործնական կիրառումը։ Հաբի գործունեությունը իր կարեւոր դերակատարումը կունենա բազմաթիվ նորարարական նախաձեռությունների հաջողության մեջ։

Հաբը ստեղծվել է «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ հայաստանյան եւ վրաստանյան գործընկեր կամակերպությունների հետ մեկտեղ։