Պաշտոնապես բացվել են Ուսանողների հաջողության կենտրոնը եւ Գիտելիքի նորարարական հաբը

Դեկտեմբերի 18-ին կայացավ նորարարական եւս երկու ենթակառույցի՝ Ուսանողների հաջողության կենտրոնի եւ Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը։ Առաջինը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում եւ Ամերիաբանկի աջակցությամբ, երկրորդը՝ նշված ծրագրի շրջանակում։
Ջերմորեն ողջունելով արարողության մասնակիցներին՝ կառավարության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ դասախոսներին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ աջակիցներին՝ վստահության, որակյալ կադրերի պատրաստման նպատակին ծառայող կենտրոնների ստեղծման գործում համալսարանի ձեռնարկումներին ըստ ամենայնի սատար կանգնելու համար։ Նշեց, որ ՀԱԱՀ ներկա եւ ապագա ուսանողների անձնական եւ մասնագիտական զարգացումը համալսարանի ղեկավարության կարեւորագույն նպատակն է, եւ այդ նպատակի իրագործմանն են ծառայում այսօր արդեն ավելի քան 60 նորարարական լաբորատորիաները, կրթական ու փորձարարարական կենտրոնները, որ ստեղծվել են վերջին տարիներին։
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորջերը՝ գոհունակություն ու ուրախություն արտահայտելով առհասարակ ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի գյուղատնտեսական ու կրթական հանրության հետ երկարամյա արդյունավետ համագործակցության, հայաստանյան աշխատաշուկան որակյալ մասնագետներով համալրելու հարցում նորացող Ագրարային համալսարանի հետ համատեղ աշխատանքների հաջողության վերաբերյալ։ Պարոն Բորջերը խոսեց գյուղատնտեսության ոլորտը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ համալսարանի ջանքերին սատարելու անհրաժեշտության մասին։
Ուսանողներին ուղղված շնորհավորանքի ջերմ խոսք ասացին նաեւ Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը եւ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։
Տիկին Վարդանյանցը եւ ռեկտոր Ուռուտյանն այնուհետեւ ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը վերաբերում է ՀԱԱՀ ուսանողների մասնագիտական եւ անձնական զարգացման, ակադեմիական հաջողությունների ուղղությամբ համագործակցությանը։ Այն կներառի մասնագիտական զարգացման եւ ճկուն հմտությունների թեմաներով դասընթացների, բաց դասերի, խորհրդաժողովների, մրցույթների, մասնագիտական կողմնորոշման օրերի անցկացում, ուսանողների վերապատրաստումներ եւ այլն։
Ուսանողների հաջողության կենտրոնի պաշտոնական բացմանն անմիջապես հետեւեց «Ինչպես բացահայտել հաջողության ամենակարևոր գործակիցը» խորագրով առաջին հրավիրյալ դասախոսությունը․ բանախոսը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ, Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման եւ վերապատրաստման բաժնի ղեկավար  Վահան Մելքումյանն էր։ Դասախոսությունը, որ պարզապես կլանել էր ուսանողներին, վերաբերում էր այսօրվա գործարար միջավայրում մրցունակ մասնագետ լինելու «գաղտնիքներին»։ Իսկ Գիտելիքի նորարարական հաբում, ուսանողների մյուս՝ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաներից բաղկացած խումբը, փափուկ հմտությունների վերաբերյալ գործնական ու չմոռացվող փորձառություն ստացավ մեր շատ ուսանողներին արդեն ծանոթ բազմահմուտ դասընթացավար Վարուժան Ավանեսյանից։