Ուսումնափորձնական … իրարանցում․ ագրոդրոնի փորձնական թռիչքը համալսարանի հարակից պուրակում

Ամենալավ իմաստով իրարանցում: Հողային եւ ջրային պաշարների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի աշխատասենյակում «ասեղ գցելու» տեղ չկար.

-Քոլեջի մեր թեւի սաներն են,- անտեղյակ-զարմացածներին բացատրում էր նա:

Էրազմուս + VETfarm ծրագրի շրջանակում Հողային պաշարների կառավարում, Հողաշինարարություն, Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում մասնագիտությունների ուսանողները օրեր առաջ արդեն տեղեկացել էին, որ սեպտեմբերի 30-ին «ԱԹՍ-ի կիրառումը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով տեսական-գործնական պարապմունք պետք է անցկացնի ԱԹՍ-ների լաբորատորիայի համադրող Սերյոժա Կարապետյանը: Հետաքրքրված էին բոլորը: Չկար մեկը, որ ստիպողաբար էր եկել՝ բացակա չստանալու սարսափից դրդված: Սա գիտակցաբար, խելամիտ ընտրությամբ ի մի եկած լսարան էր:

Պարոն Կարապետյանը սկզբից սահիկների օգնությամբ պատմեց ագրոդրոնների տեսական, ծրագրակազմի-գործիքների շնորհիվ խնդիրները գործնականում լուծելու ուղղությամբ ընձեռված լայն հնարավորությունների մասին:

Իսկ հետո երկրորդ մասնաշենքի մերձակա պուրակում լսած-սովորածը գործի դնելու փորձ կատարվեց: Չափսերով փոքրիկ դրոնը կարճատեւ թռիչքից հետո վերադարձավ բավականին հարուստ «ավարով»՝ տարածքի՝ բարձր լուծաչափի լուսանկարներով, պուրակի ծառերի եւ բուսականության բազմասպեկտրալ պատկերներով (որոնք քարտեզագրման հիմք կարող են ծառայել ) եւ իհարկե՝ թռչնի թռիչքի բարձրությունից արված ուսանողների խմբային լուսանկարով։

Խանդավառված էին պատանիները: Նրանցից շատերը հենց այդ պահին վերջնականապես վճռեցին, որ ժամանակակից տեխնոլոգիաների հարափոփոխ ոլորտը խորությամբ ուսումնասիրելու ցանկություն ունեն:

Մեր սաները վերջնականապես համոզվեցին՝ ագրարային ճարտարագիտության խնդիրները լուծել առանց ՏՏ ոլորտի հեւքին հետեւելու պարզապես անհնարին է: Ուրեմն՝ պետք է սովորել: