Ուրբաթ՝ հունիսի 17-ին, համալսարանի մեծ դահլիճում առանձնահատուկ մթնորոլտ էր եւ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու եզակի առիթ։ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ գեղեցիկ համերգով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական նվագարանների «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), Ջիվանու անվան աշուղական դպրոցի (ղեկավար՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան) սաները եւ «Նազանի» երգչախումբը՝ Արմինե Հունանյանի ղեկավարությամբ։ Տիկին Հունանյանը նաեւ համերգի կազմակերպիչն էր։
Համալսարանի հարկի տակ սիրված խմբերի այս եռամիասնական համերգ-հաղորդությունը Ագրարայինի հանդիսատեսն ընդունեց ոգեւորությամբ, ակնածանքով ու շնորհակալությամբ։ Երիտասարդ-պատանի եւ փոքրիկ կատարողները դահլիճին տարան դեպի հայկական ժողովրդական եւ աշուղական երգի մաքրամաքուր ակունքները։ Բեմում նվագող ու երգող երիտասարդները ոչ միայն պարզապես լավ էին կատարում բնիկ հայ երգը, այլեւ հենց իրենք էին «բնիկ», մաքուր եւ նախ իրենք էին վայելում իրենց կատարումը եւ ապա զգում ու արձագանքում հանդիսատեսի փոխադարձ ջերմությունն ու հասկացողությունը։
Այդ մաքուր ակունքներն ըստ արժանվույն գնահատեց միջոցառման նախաձեռնողը՝ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը եւ համալսարանի հանրույթի անունից շնորհակալություն հայտնեց կատարողներին ու նրանց ղեկավարներին։
Բեղմնավոր ուսումնական տարվա ավելի լավ ավարտական ակորդ, քան այս համերգն էր՝ դժվար է պատկերացնել։