ՍՊՍ Սիգարոն ընկերության արտադրության պետի տեղակալ Վահան Բաբայանը, Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներ Անի Ղուկասյանը եւ Գալինա Կարապետյանը երեկ՝ մարտի 17-ին, օգտակար հանդիպում ունեցան Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն, հողային կադաստր» եւ «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում եւ հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունների առկա եւ հեռակա համակարգերի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մարիամ Ատալյանը։
Հանդիպման նպատակը ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկում կազմակերպվող ուսուցման ծրագրին ծանոթացնելն էր։ Ծրագիրը հաջողությամբ ավարտող երիտասարդները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Սիգարոն ընկերությունում՝ մրցունակ վարձատրությամբ։ Ուսումնական ծրագրի եւ մասնակցության վերաբերյալ մանրամասների ներկայացումից հետո ծավալվեց հետաքրքիր զրույց, որի ընթացքում հյուրերը պարզեցին, մասնավորապես, որ ուսանողների շուրջ 90 տոկոսն արդեն աշխատում է, մեծ մասամբ՝ իրենց մասնագիտությամբ։
Այսուհանդերձ, Սիգարոնի ընձեռած հնարավորությունները եւս գրավիչ թվացին մեր ուսանողներին, ընդ որում, նրանք բարձր գնահատեցին պարոն Բաբայանի արտահայտած այն միտքը, թե ավելի քան 40 երկրների հետ աշխատող միջազգայնորեն ճանաչված ընկերությունը առաջատար մասնագետների շարքում ձգտում է ավելացնել բուն հայաստանցիների թիվը։