Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը մշտապես աչքի է ընկել տարբեր, այդ թվում՝ միջազգային գիտաժողովներին թե՛ պրոֆեորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների ու ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ: Ուսանողական գիտական շաբաթվա հագեցած օրակարգը՝ 31 զեկուցում, եւս ասվածի վկայությունն է. կարելի է արձանագրել, որ ֆակուլտետն ունի ծանրակշիռ ներուժ՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ գիտական լուծումներ առաջարկելու տեսանկյունից:
ՈւԳ ֆակուլտետային նիստը սկսվեց դեկան Էդուարդ Ղազարյանի ողջույնի խոսքով, որը կարեւոր համարեց երիտասարդ գիտնականների ակտիվ ներգրավվածությունն ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, ապա շնորհակալություն հայտնեց եւ ռեկտոր Ուռուտյանի անունից հավաստագրեր հանձնեց ֆակուլտետում դասավանդող մի քանի դասախոսների՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրումը եւ հարակայուն զարգացումը համաշխարհային վերափոխումների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական խորհրդաժողովին զեկուցումներով հանդես գալու համար: Պարգեւատրվողների շարքում էին նաեւ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանը եւ Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանը:
Ավագ սերնդի գիտական ավանդույթները շարունակում են այսօրվա ուսանողները, որոնց քննության առանցքում ամենատարբեր արդիական թեմաներ էին՝ սկսած տարածաշրջանային ՀՆԱ-ի համեմատական վերլուծությունից, ՀՀ տնտեսութան վրա գնաճի ազդեցությունից մինչեւ ՀՀ-ում միջազգային առեւտրի զարգացման միտումներ, աղքատության եւ դրա հետեւանքների հաղթահարման, գյուղատնտեսության ոլորտում գովազդի դերի վերաբերյալ հետաքրքիր զեկուցումներ: Երիտասարդ գիտնականներն ուսումնասիրել եւ ներկայացրել էին տարբեր ընկերություններում նորամուծական գործունեության կառավարման կատարելագործմանն առնչվող թեմաներ, առաջարկել հացահատիկի արտադրության զարգացման, շրջանաձեւ բիզնես մոդելների ներդրման հնարավորություններ, որոնք, որպես գիտական արդյունք, առեւտրայնացման ներուժ ունեն:
Հատկանշական է, որ երկօրյա նիստի ընթացքում դասախոսներով եւ ուսանողներով լեփ-լեցուն դահլիճն ուշադրությամբ լսում, հարցադրումներ էր անում զեկուցողներին, որոնց մեջ կային ինչպես ասպիրանտներ եւ ավարտական կուրսերի ուսանողներ, այնպես էլ քոլեջի եւ բակալավրիատի առաջին, երկրորդ կուրսի ուսանողներ թե՛ առկա, թե՛ հեռակա համակարգից: Նրանցից շատերն առաջին անգամ էին հանդես գալիս գիտական զեկույցներով, եւ այս առումով ՈՒԳԸ նիստը սկսնակ ուգը-ականների համար հուզմունքը զսպելու, գիտական փորձ ունեցող լսարանի առջեւ համարձակ ելույթ ունենալու եւ վախը հաղթահարելու լավ փորձառություն էր, որը եւս կարելի է համարել հաջողված:
«Հենց ուսանող տարիների գիտական աշխատանքներից է ակնհայտ դառնում, թե տվյալ մարդը հետագայում կշարունակի զբաղվել գիտությամբ, թե՝ ոչ»,- նշեց պրոֆեսոր Ղազարյանը՝ հավելելով, որ գիտաժողովին ներկայացված լավագույն աշխատանքները կտպագրվեն համալսարանի եւ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, ընդ որում՝ անվճար: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ներում ներկայացված լավագույն զեկույցների հեղինակները կանցնեն եզրափակիչ փուլ՝ ստանալով հնարավորություն մասնակցելու բուհի կազմակերպած ագրոճամբարին, որը մեկ հարկի տակ կհամախմբի Ագրարային համալսարանի ուսանողական լավագույն գիտական ներուժը: