Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի հրապարակում, միջբուհական գիտական շաբաթների կազմակերպում, որոնց ընթացքում հանդիպումեր են կազմակերպվել հայտնի գիտնականների հետ, մասնակցություն միջազգային գիտական իրադարձությունների, հոդվածի հրապարակում Սկոպուս միջազգային շտեմարանում եւ այլն։ ՈՒԳԸ նախագահը որպես խնդիր ներկայացրեց ավարտող ուսանողներին նորերով փոխարինելուն առնչվող որոշակի դժվարությունը։ Իսկ գիտական (եւ ոչ միայն) խնդիրների լուծման լավագույն հնարավորություն դիտարկեց առաջիկայում համալսարանում բացվելիք Ուսանողների հաջողության կենտրոնը։
Ռեկտոր Ուռուտյանը գոհունակությամբ նշեց գիտական շաբաթների արձագանքների մասին, միաժամանակ շեշտելով ուսանողներիի համար երիտասարդ կայացած գիտնականների հետ հանդիպելու ավելի շատ հնարավորություն ստեղծելու, գիտության ազդեցիկ գործիչների հետ ավելի լավ աշխատելու, վարժարանի եւ քոլեջի սաներին գիտական նախաձեռնություններին ներգրավելու, ՈՒԳԸ լավագույն ուսանողներին համալսարանի իրականացրած նախագծերում ներգրավելու անհրաժեշտությունը։
Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքի, նյութատեխնիկական ապահովվածության եւ առկա խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան այդ ֆակուլտետների դեկանները։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը մասնավորապես անդրադարձավ գիտական նախաձեռնություններին եւ հետազոտական աշխատանքներին ֆակուլտետի ուսանողների ակտիվ մասնակցությանը․ ուսանողների 19 տոկոսը մասնակցել է։ Լավ ցուցանիշներ են գրանցվել նաեւ կարճաժամկետ վերապատրաստումների հարցում․ 300 շահառու վերապատրաստվել է հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության ուղղություններով, 30-ը՝ գարեջրագործության եւ 142-ը Կաթնամթերքի վարպետաց դպրոցում՝ թթու կաթնամթերքի եւ պանրագործության ուղղություններով։ Ֆակուլտետի 71 ուսանող լուրջ գործնական հմտություններ, իսկ շատերը աշխատանք են ձեռք բերել՝ առաջատար վերամշակող ընկերություններում անցկացրած աշխատանքային կիսամյակի ընթացքում։ Ուսանողների շրջանում անցկացված հարցումները գոհացուցիչ դրական արձագանք են գրանցել։
Կարճաժամկետ վերապատրաստումների ավելի մեծ հաջողությունն ապահովելու նկատառումով ռեկտոր Ուռուտյանն ընդգծեց ոլորտի մասնագետների հետ ավելի սերտ աշխատանքի միջոցով դասընթացները նաեւ նոր ապրանքատեսակների մշակման հնարավորություն դարձնելու անհրաժեշտությունը։
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի զեկուցման ուշագրավ փաստերից ու թվերից կարելի է առանձնացնել աշխատանքային հերթական՝ երկրորդ կիսամյակի արդյունքները․ ֆակուլտետի 24 ուսանողներից 23-ին աշխատանք է առաջարկվել փորձուսուցման վայրերում։ Ուրախալի է, որ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիան կանոնավորապես հողերի ու բույսերի անալիզների պատվերներ է ստանում ֆերմերային հանրությունից։ Ռեկտորի հանձնարարությունն այս անգամ վերաբերում էր Ոսկեհատի ՈՒՓՏ-ում կիրառվող բանջարաբուծական արգենտինյան՝ մեր երկրում եզակի տեխնոլոգիաներին ավելի լայն գյուղատնտեսական հանրությանը հաղորդակից դարձնելու կարեւորությանը։
Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հայկանուշ Մարգարյանը, դեկան Տեր-Գրիգորյանի առաջարկությամբ, հակիրճ, բայց բավանդակալից, որոշակիորեն նաեւ հուզական ելույթ ունեցավ Արմենիա վայն ընկերության այգիներում անցկացրած խիստ արդյունավետ աշխատանքային կիսամյակի եւ ընկերությունում աշխատելու առաջարկի մասին։
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի զեկուցման առանցքային կետերից էին ագրոդրոնների կարճաժամկետ դասընթացների անցկացումը, տրակտորիստ-մեքենավարներ վկայականների ձեռք բերման դասընթացը, ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակը, որ դարձել է ստեղծագործ մտքի ու գործի բազմազբաղ մի կենտրոն, եւ մասնագիտական տարբեր ուղղվածության «հին» լաբորատորիաների վերազինման պարագայում դրանց բավականին լուրջ հեռանկարները։ Դեկանն ուրախությամբ հայտնեց գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի նախագծի՝ մրցույթում հաղթելու վերաբերյալ լուրը․ այն կլինի ճարտարագիտական մտքի տնտեսական արդյունք ապահովող հզոր կենտրոն։ Ռեկտոր Ուռուտյանն այս առումով նշեց, որ կենտրոնը համալսարանին հնարավորություն կընձեռի մասնավորապես ստեղծելու սեփական արտադրության՝ երկրում առաջին ագրոռոբոտները։
Համալսարանում կրթության որակի ապահովման եւ վերահսկման ընթացքի եւ բարելավման ուղիների մասին զեկուցումով հանդես եկավ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։
Ընթացիկ հարցերի շարքում, որոնց վերաբերյալ զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, գիտխորհուրդը քննարկեց եւ հաստատեց մի քանի մասնագիտությունների ուսումնական պլաններում կատարված փոփոխությունները, մի շարք ուսումնական ձեռնարկներ եւ դասագրքեր։
- 01/07/2023
- 2023