Այսօր՝ ապրիլի 1-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը հրավիրել էր ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը բնականաբար խիստ աշխատանքային բնույթ ուներ:
Թերեւս առաջնայինը. մոտակա օրերին (ապրիլի 20-27-ը) կմեկնարկի երրորդ կուրսեցիների աշխատանքային կիսամյակը: Ագրոնոմները՝ ե´ւ մասնագիտության առանձնահատկություններից բխող ժամանակացույցով (մյուս բոլոր ֆակուլտետները սկսում են չորրորդ կուրսի սեպտեմբերից), ե´ւ այդ հարցում արձանագրած ակնհայտ հաջողություններով իսկական առաջամարտիկ են, ավանգարդ: Դեկանը հորդորեց՝ ամբիոնները գործատուների հետ հստակեցնեն բոլոր հանգամանքները, հետեւեն, որ ուսանողները բարեխղճորեն մասնակցեն գործընթացին: Քանի որ աշխատանքային կիսամյակի գնահատականի 70 տոկոսը դնում է ընդունող կազմակերպությունը, շատ կարեւոր է, որ մեր գործընկերները ավելորդ մեծահոգություն չցուցաբերեն եւ բարձր գնահատեն միայն իսկապես արժանավորներին: Չէ որ ուռճացված գնահատականը աղճատում է ՄՈԳ-ի պատկեր:
Այնուհետեւ քննարկեցին ավարտաճառերի կատարման ընթացքը: Ամբիոնների վարիչները պետք է հետեւեն, որ պաշտպանությունից 20 օր առաջ աշխատանքները ավարտուն տեսք ունենան, փորձարարական-հետազոտական ընթացքը վկայված-ամրակայված լինի լուսանկարներով: Պարոն Տեր-Գրիգորյանը հատուկ շեշտեց գրախոսությունների բովանդակային որակի եւ անաչառության կարեւորությունը:
Ֆակուլտետի գիտխորհրդի նիստի մասնակիցները քննարկեցին նաեւ ՄԿԾ-երի, ներքին մշտադիտարկման հետ կապված հարցեր։ Դեկանը հորդորեց նաեւ մասնագիտական վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի հայտեր նախապատրաստել եւ իրականացնել ֆերմերների եւ այլ շահառու խմբերի համար, որոնց անտառագիտության, բույսերի պաշտպանության եւ այլ մասնագիտական գիտելիքներով զինելու հարցում մեր գիտնականները անելիքներ շատ ունեն: