Օրերս Ագրարային համալսարանում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսների եւ ուսանողների պատվիրակությունը՝ հերթական գործընկերային-ճանաչողական-վերապատրաստողական այցով։ Շուշեցիներին դիմավորել եւ ողջունել են Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։
Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Հասմիկ Գեւորգյանը ներկայացրել է «Իմ ագրոբիզնեսը» դասընթացը, խոսել ագրարային ոլորտում բիզնես ստեղծելու հնարավորությունների մասին։
Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս Նաիրա Գասպարյանը ներկայացրել է «Գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման առանձնահատկությունները» վերնագրով դասախոսություն, որի գործնական մասը շարունակվել է ՀԱԱՀ ջերմատանը։
Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական տեխնոլոգիական կենտրոնում պրոֆ․ Գուրգեն Եղիազարյանը խոսել է «Կաթիլային ոռոգման ներդրման արդյունավետությունը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում» թեմայի շուրջ։
Արեշի մասնաճյուղում Թերապիայի, վիրաբուժության եւ ծննդագիտության ամբիոնի դոցենտ Աստղիկ Բադալյանը ներկայացրել է «Արհեստական սերմնավորում եւ ծննդօգնություն» թեմայով դասախոսություն։
ՇՏՀ մեր գործընկերների համար Ագրարայինում վերապատրաստումները երկար տարիների պատմություն ունեն․ այս անգամ նրանք հաճույքով նշում են այն նպաստավոր միջավայրը, որ ստեղծված է նոր ենթակառույցներում վերապատրաստումներն ավելի արդյունավետ անցկացնելու համար։