Ագրարային համալսարանում ավարտվեց շոկոլադագործության հերթական դասընթացը: Եռօրյա դասընթացի մասնակիցներն այս անգամ ինն են՝ լեզվաբան, հոգեբան, ինժեներ-մեխանիկ, ֆիզիոլոգ… Տարբեր մասնագիտության տեր այս մարդկանց միավորել եւ Ագրարային համալսարան է բերել սերն ու հետաքրքրությունը շոկոլադի եւ դրա պատարաստման տեխնոլոգիայի նկատմամբ:
Դասընթացի մասնակիցներից Սամվել Կարապետյանը «Շոկո Քուին» ընկերության հիմնադիր տնօրենն է, որը զբաղվում է շոկոլադի թվային դիզայնով եւ արտադրությամբ: Ներկայումս արտադրության մեջ օգտագործում են պատրաստի հումք, սակայն նպատակ ունի սկսել շոկոլադի տեղական արտադրություն եւ իրենց արտադրամասում պատրաստվող տարատեսակ դիզայնով շոկոլադե սալիկների համար որպես հումք կիրառել սեփական արտադրության շոկոլադ: Ասում է, որ դասընթացին մասնակցում է շոկոլադագործության վերաբերյալ նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու ակնկալիքով, որոնք հետագայում կկիրառի գործի մեջ:
Դասընթացավարը՝ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, շոկոլադի արտադրության մասնագետ, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայի գիտաշխատող Գայանե Ապերյանը, մասնակիցներին հողորդակից դարձրեց շոկոլադագործության արվեստի գաղտնիքներին՝ սկսած կակաոյի ունդի մշակման եւ վերամշակման գործընթացից մինչեւ անհրաժեշտ հումքատեսակների ընտրություն եւ կոնֆետային արտադրատեսակների դասակարգում, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Տեսական դասընթացներին հաջորդեցին շոկոլադի արտադրության գործնական պարապմունքները լաբորատորիայում, որտեղ մասնակիցները պատրաստեցին շոկոլադ: Շոկոլադագործության կարճատեեւ դասընթացից ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներից ոմանք պատրաստվում են կիրառել սեփական արտադրության եւ բիզնեսի մեջ, իսկ մյուսները՝ տանը՝ զուտ որպես նախասիրություն։
Սոցիալական աշխատող Լիդա Կարապետյանը եւ նրա դուստրը՝ օպերային երգչուհի Կլարա Կարապետյանը Գյումրիից են, ունեն չրերի սեփական փոքրիկ արտադրություն: Դասընացին մասնակցելու շարժառիթը արտադրությունն ընդլայնելն է։ «Առաջիկայում նպատակ ունենք սկսել շոկոլադապատ չրերի արտադրություն, եւ այս դասընթացից ստացած գիտելիքներն օգտակար կլինեն նոր արտադրատեսակներ ունենալու եւ բիզնեսն ընդլայնելու համար»,- նշեց Կլարան՝ շնորհակալություն հայտնելով դասընթացավար Գայանե Ապերյանին՝ ոգեշնչման նոր աղբյուր դառնալու համար:
Հարկ է նշել, որ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայի բացվելուց ի վեր (2021 թ․ նոյեմբեր) չի նվազում այս ոլորտներում վերապատրաստման կարճաժամկետ դասընթացների հանդեպ շահառուների ակտիվ հետաքրքրությունը։