ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ/WFP) հայաստանյան ներկայացուցչության հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս հետաքրքիր ու գեղեցիկ օրվա տոնակատարության մասնակիցների թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նանա Սկաուն եւ ՀԱԱՀ-ի գործընկեր «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Միջոցառման հիմնական նպատակն էր առողջ ապրելակերպի մասին իրազեկումը՝ առանձնակի կենտրոնանալով առողջ նախաճաշի եւ կաթի սպառման վրա։ Այս նախաձեռնությունը ՊՀԾ-ի եւ Երեմյան Փրոջեքթսի՝ «Կաթ դպրոցներին» նախագծի մաս է կազմում։ Անցյալ տարի համատեղ ջանքերով Վայոց Ձորի մարզի դպրոցականների շրջանում կաթի սպառումը խրախուսելու աշխատանքների շնորհիվ այսօր ավելի քան 300 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ կաթ է ստանում։
Տոնակատարությանը նախորդել էր մայիսի 27-ին Երեմյան Փրոջեքթսի կազմակերպած կաթի աննախադեպ մեծամասշտաբ հյուրասիրությունը, որի նպատակն էր նպաստել կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։
Կաթի համաշխարհային օրն այս տարի նշվում է կաթնամթերքի՝ որպես սննդարար եւ կենսակերպի վրա բարերար ազդեցություն թողնող, միաժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմող մթերքի առավելությունների մասին կարգախոսով։
2001 թ․ հիմնված Կաթի համաշխարհային օրը համընկնում է մեկ այլ գեղեցիկ ու կարեւոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ, որը շատ ավելի հին է եւ նշվում է 1950 թ․-ից։