Նշվեց ականավոր քիմիկոս Վռամ Դովլաթյանի 100-ամյա հոբելյանը

Նոյեմբերի 30-ին ՀԱԱՀ-ի մեծ դահլիճում մթնոլորտը դովլաթյանական էր․ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ նշվեց քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, ինստիտուտի պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի հիմնադիր վարիչ, մեր համալսարանի մեծ երախտավոր Վռամ Վաղինակի Դովլաթյանի ծննդյան 100-ամյակը։
Նշանավոր գիտնականի անցած ուղին արժեւորեցին, նրա կյանքի հետաքրքիր դրվագների մասին պատմեցին ՀԱԱՀ-ի եւ ԳԱԱ նրա գործընկերները, ընտանիքի անդամները։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մեծարանքով խոսեց «ազնվականի կեցվածքով փառահեղ մարդու»՝ մեծ գիտնականի եւ սկզբունքային ու խստապահանջ դասախոսի մասին։ Նա նշեց, որ Դովլաթյանի հանդեպ բոլորիս հարգանքն ու պատկառանքը օրինաչափ է, քանզի որպես երիտասարդ մասնագետ գիտամանկավարժական գործունեությունը սկսելով (1954 թ․) Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, Վռամ Դովլաթյանը «կես դարից ավելի հավատարիմ է մնացել իր կոչմանը, իր սաներին ու գործընկերներին, մեր համալսարանին, հայկական գիտությանը։ Նրա կենսագրությունը նաեւ հերոսական էջեր ունի՝ մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին»։ Ռեկտոր Ուռուտյանը նշեց նաեւ ակադեմիկոս Դովլաթյանի եզակիությունը ոչ միայն գիտամանկավարժական գործունեության, այլեւ նրա բազմակողմանի զարգացածության, արվեստի, գրականության, գեղանկարչության նրա բացառիկ խորագիտակության առումով։
Շնորհավորելով Դովլաթյան ընտանիքին եւ գործընկերներին գեղեցիկ հոբելյանի առթիվ, ռեկտոր Ուռուտյանն ասաց․ «Հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատելու եւ ձեզ հետ միասին կերտելու այն բուհի ներկան ու ապագան, որտեղ տասնամյակներ շարունակ աշխատել ու արարել են Վռամ Դովլաթյանի նման մեծությունները։ Եկեք շարունակենք մեր գործն այնպես, որ երբեւէ չամաչենք մեր մեծերի հիշատակի առջեւ»։
Ակադեմիկոս Դովլաթյանի աշակերտ, ՀԱԱՀ Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի պեստիցիդների սինթեզի պրոբլեմային լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Ենգոյանը ներկայացրեց իր ուսուցչի եւ ղեկավարի՝ Վռամ Դովլաթյանի կենսագրությունը, գիտական գործունեությունը, հաղթահարած մեծ դժվարություններն ու արժեւորեց նրա ստեղծած գիտական հսկայական արդյունքը, որից առ այսօր օգտվում է Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ տարածքի ագրարային տնտեսությունը։ «Ամենուրեք, որտեղ նա լինում էր՝ իրենով էր լցնում միջավայրը։ Որքան էլ խստապահանջ էր, ամենաջերմ հարաբերություններն ուներ իր ղեկավարած կոլեկտիվի անդամների հետ, ըստ ամենայնի ուղի էր հարթում երիտասարդ գործընկերների համար», – նշեց պրոֆեսոր Ենգոյանը։
Նրա գիտական կյանքի ուղին եղել է հենց ագրարային քիմիան․ քիմիական գիտ․ դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանի խոսքերն են։ Ակադեմիկոս Թավադյանը Դովլաթյանի բազմաթիվ արժանիքներից առանձնացրեց դիմացինին լսելու նրա արտակարգ ունակությունը։ Տեխ․ գիտ․ դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն էլ բարձր գնահատեց Դովլաթյանի ներդրումը մեր երկրում քիմիայի զարգացման եւ ոլորտի համար կադրերի պատրաստման գործում։
Ինչպես միշտ, հուզիչ ու առինքնող էր պրոֆեսոր Տաիրա Պապոյանի խոսքը մեծ գիտնականի, իր երբեմնի ղեկավարի եւ ուսուցչի, սկզբունքային դասախոսի, մարդկային անսահման հմայքի տեր մարդու եւ քաղաքացու մասին։ Նրա դասերը արվեստի գործեր էին՝ նշեց պրոֆեսոր Պապոյանը՝ գոհունակությամբ հավելելով, որ Ագրարային համալսարանում շարունակվում են Վռամ Դովլաթյանի ստեղծած ավանդույթները եւ նրա հիմնած լաբորատորիայի այսօրվա գիտական թիմը փառքով է շարունակում նրա գործը՝ պրոֆեսոր Ենգոյանի ղեկավարությամբ։
Ակադեմիկոս Դովլաթյանի մասին սրտի խոսք ասաց նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Հոբելյանի առթիվ ելույթները եզրափակվեցին ակադեմիկոսի որդու՝ Արմեն Դովլաթյանի խոսքով, որը հետաքրքիր փաստեր պատմեց Վռամ Դովլաթյանի ընտանեկան կյանքի, պատանեկության ու երիտասարդական տարիներին անցած փորձությունների եւ որպես գիտնական ու հայրենասեր նրա կայացման մասին։ Արմեն Դովլաթյանը, ինչպես եւ հարգարժան մյուս հյուրերը, շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ հոբելյանական գեղեցիկ միջոցառումը նախաձեռնելու համար։
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Օրգանական գյուղատնտեսության, Սննդի որակի հսկման ուսումնական եւ Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիաներում, ծանոթացան եւ տպավորվեցին կատարվող հետազոտություններով ու մատուցվող գիտական ծառայություններով, ընդհանրապես համալսարանում իրաանացված բարեփոխումներով։
Արմեն Դովլաթյանը որդուն՝ կրտսեր Վռամ Դովլաթյանին ցույց տվեց ակադեմիկոս Դովլաթյանի երբեմնի աշխատասենյակը․․․
ՀԱԱՀ Ընդհանուր քիմիայի նախկին, վերանվանված՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնը կրում է ակադեմիկոս Վռամ Դովլաթյանի անունը։