Ապրիլի 27-ին Երեւան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ) բացվեց «Կրթություն եւ կարիերա 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը հերթական անգամ պատշաճ ներկայություն ունեցավ։ Լոգոս էքսպո կենտրոնն այս անգամ եւս ցուցահանդեսը կազմակերպել էր ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ․ նախարար Վահրամ Դումանյանն էլ ողջունեց եւ հաջողություններ մաղթեց մասնակիցներին։
Եռօրյա ցուցահանդեսի Ագրարայինի տաղավարն այս տարի առանձնապես գրավիչ էր այցելուների, պոտենցիալ դիմորդների համար։ Քոլեջի եւ բակալավրիատի ուսանողներն էլ առանձնակի ոգեւորությամբ ու բանիմացությամբ էին ներկայացնում թե մեր բարեփոխված կրթական ծրագրերը եւ թե համալսարանի փորձարարական-նորարարական լաբորատորիաներում եւ արտադրամասերում արտադրված հրուշակեղենը, շոկոլադը, հացը, գինին։ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոսները ներկայացնում էին ջրաչափ սարքերն ու գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը։ Անասնաբուժականի ուսանողուհին էլ ներկայացրեց կենդանիների կաղապարվածքներ, իսկ հետաքրքրվողներին՝ նաեւ բուժման մեթոդներ:
Նախարար Դումանյանը հաճելի կանգառ արեց Ագրարայինի տաղավարի մոտ, զրույցի բռնվեց հրուշակագործության պատանի վարպետների հետ, համտեսեց եւ շատ հավանեց մերոնց արտադրանքը եւ, անշուշտ, արժեքավոր նվեր ստացավ ուսանողներից՝ կարմիր «Սերունդ» ռեզերվ գինին։
Ցուցահանդեսը, որն այս տարի մասնակից հաստատությունների շատ լայն ընդգրկում ունի, շարունակվում է Լոգոս կենտրոնում: