Մտադրությունների հուշագիր է ստորագրվել «Ֆանֆրութ» ընկերության հետ

Դեկտեմբերի 4-ին ռեկտոր ՀԱԱՀ Վարդան Ուռուտյանի եւ «Ֆանֆրութ» ՍՊԸ տնօրեն Էդգար Սիսակյանի ստորագրած մտադրությունների հուշագրով հեռանկարային համագործակցության սկիզբ դրվեց։ Դրանով կողմերը պարտավորություն են ստանձնել նպաստել գուղատնտեսության ոլորտի ընդհանուր զարգացմանը, գործազրկության նվազեցմանը, համատեղ ուսումնական ծրագրերի, փորձուսուցումների եւ վերապատրաստումների միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը։
Ողջունելով Ֆանֆրութ ՍՊԸ նախագահ Վահագն Բադալյանին, տնօրեն Էդգար Սիսակյանին եւ ընկերության մյուս ներկայացուցիչներին, ռեկտոր Ուռուտյանը գուհունակություն հայտնեց մասնավոր հատվածի եւ ՀԱԱՀ-ի փոխգործակցության այս նոր հնարավորության համար՝ շնորհակալություն հայտնելով գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի համար բարձրորակ կադրերի պատրաստման գործում համալսարանին օժանդակելու՝ ընկերության պատրաստակամության համար։
«Կարեւոր է, որ մասնագետներ պատրաստելու հարցում մենք միայնակ չենք եւ մեզ հետ համագործակցող մասնավոր բիզնեսի առաջադեմ ընկերությունների ցանցն ընդլայնվում է՝ հնարավորություն տալով փոխշահավետ հիմունքներով միասին աշխատելու՝ երկրի համար գերակա գյուղատնտեսության ոլորտում արմատական առաջընթացին ընդառաջ»։ Պարոն Ուռուտյանը նշեց, որ, հաշվի առնելով կարճ պատմություն, բայց լուրջ թափ առած ընկերության ներուժը, համագործակցության ուղղությունները կարող են ներառել ոչ միայն ագրոնոմիական, այլեւ մնացած ֆակուլտետները, ինչպես նաեւ համալսարանի գիտական մասնաճյուղերն ու այլ ստորաբաժանումները։ Գործակցության առանցքային ուղղություններից մեկը, անկասկած, կլինի աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցման համատեղ կազմակերպումը, նորարարական գործելակերպ, որն արդեն էական հաջողություններ է գրանցել բազմաթիվ ընկերությունների հետ համատեղ աշխատանքում։ Ընկերության ներկայացուցիչներին պարոն Ուռուտյանը պատկերացնում է նորարարական մեկ այլ կառույցում՝ ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդներում։ «Կսկսենք փոքր հավակնություններից, բայց, վստահ եմ, հաստատակամորեն առաջ կգնանք», – եզրափակեց ՀԱԱՀ ռեկտորը։
«Ֆանֆրութ» ընկերության տնօրեն Էդգար Սիսակյանը, շնորհակալություն հայտնելով ՀԱԱՀ-ի հետ գործակցության հնարավորության համար, մասնավորապես ասաց․ «Մեզ համար մեծ պատիվ է Ագրարային համալսարանի հետ համագործակցությունը․ մենք տեղյակ ենք վերջին տարիներին համալսարանի գրանցած որակական մեծ առաջընթացի մասին։ Վստահ եմ, որ երկուստեք կապահովենք բոլոր պայմանները փոխադարձ կարիքների բավարարման եւ, ի վերջո, մեր ընդհանուր նպատակի իրականացման՝ մեր երկրի շենացման համար։ Հավատացած եմ, որ Ագրարային համալսարանի հետ մեր գործակցությունը շատ լավ օրինակ կծառայի ագրոբիզնեսի ոլորտի այլ ընկերությունների համար»։
Մեկնարկող գործակցությունն իրենց խոսքում բարձր գնահատեցին պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Հրաչյա Ծպնեցյանը, Մարիամ Մովսիսյանը, Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ «Ֆանֆրութ» ընկերության նախագահ Վահագն Բադալյանը, երկրորդելով ռեկտոր Ուռուտյանի արտահայտած միտքը, հավաստիացրեց, որ փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ նախանշող հուշագիրը չի մնա լոկ թղթի վրա շարադրված բարի մտադրություն, այլ իրականություն կդառնա երկուստեք կարեւոր ճանաչված նախագծերի իրականացման, առհասարակ երկրում գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի զարգացման առումով։
Գործնականության եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումը եզրափակվեց համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած եւ լիարյուն ուսումնահետազոտական գործունեությամբ զբաղված նորարարական ենթակառույցներում շրջայցով։ «Մենք անշուշտ տեղյակ էինք Ագրարային համալսարանում իրականացված բարեփոխումների մասին, սակայն այն, ինչ տեսանք, վեր էր մեր երեւակայության սահմաններից»՝ մեր հյուրերի միահամուռ կարծիքն է։
Գարնանը կմեկնարկի ՀԱԱՀ մի խումբ ուսանողների աշխատանքային առաջին կիսամյակը «Ֆանֆրութ» ընկերության՝ Արագածոտնի մարզի Արագածավանում գտնվող տնտեսությունում։ Մինչ այդ, ընկերության ղեկավարների հրավերով, մեր ուսանողների ու դասախոսների մի պատկառելի խումբ ճանաչողական այց կունենա ընկերություն։
2021 թ․ հիմնադրված «Ֆանֆրութ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում հիմնել է 170 հա ինտենսիվ այգիներ, հիմնականում՝ տանձենու մի քանի մշակաձեւեր, որոնք նորություն են մեր երկրի համար։ Այգիներում օգտագործվում են ոռոգման, տաքացման եւ սառեցման, մրգի տեսակավորման, երկարատեւ պահպանման եւ այլ նորագույն տեխնոլոգիաներ։