Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերների հերթական այցը «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում

Երեկ՝ հունվարի 29-ին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ վարչական կազմի այլ ներկայացուցիչներ ընդունեցին «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորին, ՄՏՀ կենսական գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնին եւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող Արարատ Սահակյանին։ Հիշեցնենք, որ TUMint-ը պատասխանատու է Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձեւավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար։

Աշխատանքային այցի հիմնական նպատակը ՀԱԱՀ պատասխանատուներին Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման եւ Կենսական գիտությունների դպրոցի ձեւավորման փորձին հաղորդակից դարձնելն էր, որ սիրով արեց դոկտ․ Բիդոնը։ Ծավալված շահագրգիռ քննարկման առարկա դարձան Ակադեմիական քաղաքի ձեւավորման համատեքստում ՀԱԱՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերները, Հայաստանում գյուղատնտեսական կրթության եւ գիտության զարգացման հեռակարներն ու մարտահրավերները եւ դրանք հաղթահարելը, ագրարային կրթության կառուցվածքավորման ու փոխակերպման գործընթացը եւ այն դեպի իրագործման փուլ փոխադրելը (շահերի համաձայնեցում, համազդեցությունների (սիներգիա) բացահայտում եւ այլն)։

Օրվա երկրորդ կեսին ՄՏՀ գործընկերները ՀԱԱՀ Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական ​​կենտրոնում հանդիպում ունեցան Ակադեմիական քաղաքի շրջանակում ձեւավորվող տեխնոլոգիական կլաստերի անդամ ոլորտային (ՀԱԱՀ եւ էկոնոմիկայի նախարարության համակարգերում գործող) գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այս անգամ նրանց ուղեկցում էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչ Դիանա Հարությունյանը։ Քննարկվեցին գիտական, հետազոտական ​​հաստատությունների կառավարման մոդելներ, առկա հնարավորությունները եւ հնարավոր մարտահրավերները Հայաստանի համատեքստում։

Քննարկման ավարտին Հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի ԳԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի ուղեկցությամբ հյուրերը հաճույքով շրջեցին կենտրոնի լաբորատորիաներից մի քանիսում եւ Հողերի թանգարանում։

Գերմանացի գործընկերների աշխատանքային այցը Հայաստան կշարունակվի մինչեւ վաղը՝ հունվարի 31-ը։