Միջազգային որակավորմամբ հայ մասնագետը գինու դասեր է տալիս տիմիրյազեւցիներին

Ավարտվեց ՀԱԱՀ-ի եւ Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․ Տիմիրյազեւի անվան պետական գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության շրջանակում մարտի սկզբից մինչեւ ապրիլի վերջը տեւած՝ գինու տուրիզմի եւ գինու բիզնեսի թեմաներով առցանց դասընթացը ռուսաստանյան գործընկեր համալսարանի համապատասխան մասնագիտության 4-րդ կուրսի 15 ուսանողների համար։

Դասընթացը վարում էր գինու եւ ալկոհոլային խմիչքների ոլորտում WSET-3 եւ միջազգային այլ որակավորումներ ունեցող փորձագետ, շվեդական հեղինակավոր BK Wines առցանց ամսագրի հեղինակ Մարինա Միրզաբեկյանը։

Շաբաթական երկու օր իրականացված դասընթացի ընթացքում տիկին Միրզաբեկյանը հասցրեց, ինչպես ինքն է նշում՝ նպատակասլաց եւ սովորելու մեծ ցանկություն ունեցող ռուս ուսանողներին հրամցնել գինու տուրիզմի եւ բիզնեսի հիմնական հայեցակարգերը, միջազգային եւ հայաստանյան փորձը։ Մասնավորապես ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գինու տարբեր շուկաներում զբոսաշրջիկի վարքագծային առաձնահատկություններին, գործարանից վաճառքի ճիշտ կազմակերպմանը, գործարանում եւ խաղողի այգում շրջայցերի կազմակերպմանը եւ այլն։ Մարինան ուսանողների համար շատ հետաքրքիր շեշտադրումներ կատարեց յուրաքանչյուր գինու պատումի ստեղծման անհրաժեշտության եւ զբոսաշրջիկի համար գինեգործարանում ընդունելությունը դրական իմաստով հիշարժան շոու դարձելու արվեստի վրա։

Դասընթացավարը հաճույքով ներգրավեց նաեւ հրավիրյալ դասախոսների՝ գլխավորապես Հայաստանից։

Տիկին Միրզաբեկյանը պատեհ առիթը առավելագույնս օգտագործեց հայկական գինիների առաջմղման ուղղությամբ ռուս երիտասարդ գինեսերների մեջ հետաքրքրություն առաջացնելու համար․ պատահական չէ, որ նրանցից շատերը ցանկություն են հայտնել գալ Հայաստան գինու փառատոների ժամանակ եւ ի մոտո ծանոթանալ գինու նվիրական երկրին եւ նրա գինիներին։