Միջազգային նոր ծրագիր ՀԱԱՀ-ում․ այսուհետ կարող ենք ընդունել նաեւ կամավորներ

Վերջերս ՀԱԱՀ-ը ստացավ միջազգային ոլորտում գործելու եւս մեկ այլ կարեւոր եւ արդիական հնարավորություն՝ դառնալով Էրասմուս +-ի եւ Եվրապական համերաշխության կորպուսի շրջանակում գործող SALTO-YOUTH («Աջակցության, խորացված ուսուցման եւ վերապատրաստման հնարավորություններ երիտասադության համար») ծրագրի շահառուն: Մեր համալսարանը SALTO Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի կենտրոնից ստացել է որակավորման հավաստագիր:

Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության ծրագիր է, որի ընդհանրական նպատակն է՝ տարածել համերաշխությունը՝ որպես արժեք, հիմնականում կամավորության միջոցով, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների եւ կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության բնագավառի ծրագրերում:

Ծրագրի առարկայական նպատակն է՝ ապահովել երիտասարդների մասնակցությունը դրական սոցիալական փոփոխություններ բերող մարդասիրական գործողություններում՝ տրամադրելով անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային եւ մասնագիատական հմտությունների զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ խթանել նրանց ակտիվ քաղաքացի լինելը, աշխատունակությունը եւ ինտեգրումը աշխատաշուկայում՝ կամավորների, փորձնակների եւ երիտասարդական աշխատողների շարժունության միջոցով։

Ծրագիրը նպաստում է նաեւ սոցիալական ներառականության եւ հավասար հնարավորությունների տարածմանը՝ մասնավորապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցության միջոցով։ Եվրոպական համերաշխության կորպուսը համախմբում է երիտասարդներին, որպեսզի նրանք կառուցեն ավելի ներառական հասարակություն, աջակցեն խոցելի մարդկանց եւ արձագանքեն հասարակական եւ մարդասիրական մարտահրավերներին:

Եվրոպական համերաշխության կորպուսի գործունեությունն աջակցում է ԵՄ-ի 2019-2027 թվականների երիտասարդական ռազմավարության նպատակներին, որոնք ԵՄ արժեքներով եւ եվրոպական ինքնությամբ ոգեշնչված երիտասարդներին խրախուսում են դառնալ ակտիվ քաղաքացիներ, եվրոպական համայնքների համար համերաշխության եւ դրական փոփոխությունների գործակալներ:

Դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմել եւ ներկայացրել է դիմում-հայտ, որտեղ մանրամասնորեն ներկայացվել է ՀԱԱՀ-ի ներուժը՝ ծրագրի իրականացման տեսանկյունից, ակնկալվող  արդյունքներն ու կամավորների ներգրավման նպատակները։ Դիմում-հայտի գնահատումն իրականացվում է բազմափուլային մեխանիզմով։ Այն սկզբում ենթադրում է դիմում-հայտի հաստատում եվրոպական պատասխանատու մարմնի կողմից, որից հետո իրականացվում է փորձագետների այց եւ դիմող կազմակերպության կարողությունների գնահատում՝ կամավորներ ընդունելու եւ նրանց համապատասխան միջավայրով ապահովելու տեսանկյունից։

Հարդյունս այդ ամենի, ՀԱԱՀ-ին շնորհվեց որակի հավաստագիր (Quality Label)՝ մինչեւ 2027 թ. կամավորներ ընդունելու համար։ Հատկանշական է, որ ի սկզբանե դեպարտամենտի՝ ծրագիրը մշակող աշխատանքային թիմը նպատակ էր հետապնդել ներառել նաեւ ՀԱԱՀ մասնաճյուղերը՝ նպաստելով դրանց միջազգայնացմանը։ Ուրախալի է, որ այսուհետ ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղը եւս ընգրկված կլինի այդ ծրագրում եւ կկարողանա ընդունել տարբեր ոլորտի կամավորների։

Եվրոպական համերաշխության կորպուսի համատեքստում կամավորությունը լրիվ դրույքով չվարձատրվող գործունեություն է, որն ունի մինչեւ 12 ամիս տեւողություն եւ նպաստում է ընդհանուր բարիքի ձեռքբերմանը։ Կամավորությունը նաեւ հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել օգտակար փորձ, մասնագիտական եւ անձնական, կրթական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական եւ մասնագիտական զարգացման հմտություններ՝ այդպիսով բարելավելով իրենց աշխատունակությունը եւ ակտիվ քաղաքացիությունը:

SALTO Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի կենտրոնի կողմից ՀԱԱՀ-ին շնորհված որակի հավաստագիրը այժմեական եւ օգտակար է մեր համալսարանի համար այն տեսանկյունից, որ ամեն շրջափուլում Եվրոպական Միությունը առավել մեծ ֆինանսներ եւ ներուժ է տրամադրում հենց կամավորական շարժմանը։ Ագրարային համալսարանը Հայաստանի այն երեք բուհերից մեկն է, որ կարող է մասնակցել կամավորական շարժման իրականացմանը։