Ծանոթացեք՝ Արամ Աբրահամյանն է, ծնվել է 1966-ին Թիֆլիսում, հիմա․․․ սովորում է հեռակա համակարգի առաջին կուրսում, պարենամթերքի տեխնոլոգիա կրթական ծրագրով։
Երբ Արամը ծնվեց, բժիշկները ծնողներին տեղեկացրին՝ բազում առողջական խնդիրներ ունի, որոնք տարիների հետ ավելի կխորանան: Այդ թվում՝ թույլ տեսողությունը, որ վերածվեց կուրության: Բայց մեր ժողովուրդը դեռ 5-րդ դարից է հստակ հասկացել ու բանաձեւել․ լավ է կույր աչոք, քան մտոք: Իսկ Արամի միտքը սուր եւ արթուն է, որոնող-պրպտող: Անհանգիստ:
Դպրոցական տարիներին Նորքի միշակույթի տանը ակորդեոնի պարապմունքների մասնակցեց, հետո՝ ֆիլհարմոնիային կից ստուդիայում հղկեց երաժշտական վարպետությունը: Հետո սովորեց- ավարտեց առեւտրի տեխնիկումը: Աշխատեց լամպերի, ժամացույցի գործարաններում, ԵՊՀ-ում: Հարցնում ենք.
-Ինչպե՞ս-ինչո՞ւ որոշեցիր կրթությունդ շարունակել եւ հատկապես Ագրարայինում:
-Հայաստանի կույրերի միավորման անդամ եմ: Այնտեղ ինձ մի քանի տարբերակ առաջարկեցին-խորհուրդ տվեցին, եւ ընտրեցի այս բուհն ու շատ կարեւոր ոլորտը: Հիմա օրինակս վարակիչ դարձավ: Միավորման երիտասարդներից շատերը ազատվում են բարդույթներից եւ մտածում են մասնագիտական լավ կրթություն ստանալու մասին:
Արամը հույս ունի, որ ավարտելուց հետո կկարողանա փոքր արտադրություն հիմնել եւ աշխատանքով ապահովել միավորման անդամներից մի քանիսին:
-Պետությունը այսօր շատ է աջակցում նման դժվարություններ ունեցողներին: Ամեն հարմարություն ստեղծում է եւ արդեն չես զգում, որ խնդիր ունես տեսողության հետ կապված: Հանրային կյանքում ներգրավվելու նորագույն միջոցները նոր հնարավորություններ են բացում մեզ համար: Հիմա կարող էի չէ՞, հանգիստ նստել տանը, բայց համալսարան ընդունվելս շատերի համար խթան դարձավ ինքնուրույն քայլ անելու:
Կույրերի միավորումը շախմատի, շաշկու, նարդու մրցումներ է կազմակերպում, անգամ փոքր թենիսի: Մշակութային էքսկուրսիաներ է կազմակերպում, ուղեկցում է Երեւանի եւ Գյումրու թանգարաններ: Փոխհատուցում է որոշ ծախսեր:
Արամը ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ:
Այս փոքրիկ դիմապատկերը թերի կլիներ, եթե մեզ հետ զրույցի ընթացքում ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը չհրավիրեր մեր ուշադրությունը շատ կարեւոր հանգամանքի վրա. Արամ Աբրահամյանի համակուրսեցիները, հատկապես գյումրեցի Տիգրան Նալբանդյանը, անչափ ուշադիր եւ հոգատար են իրենց հետ, իրենց հավասար սովորող ընկերոջ հոգսերի հանդեպ, որոնք ամեն օր հաղթահարելը մյուսներիս համար սխրանքի է նման եւ… օրինակելի է: