Մեր շրջանավարտներին քարտեզագրելու ու կարդալու կարողություններն անհրաժեշտ են

Եւ հենց այս մտայնությունն էր հիմքում, որ շուրջ տասը տարի առաջ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ, GIZ-ի անմիջական աջակցությամբ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում հիմնվեցին լաբորատորիա եւ մոդելավորման, հեռահար զոնդավորման դասընթացները: Իսկ սա նշանակում է, որ երկրում առաջիններից մեկը (եթե ոչ առաջինը) մեր բուհը մասնագետներ է պատրաստում՝ ժամանակակից ՏՏ ծրագրակազմերով եւ գործիքակազմերով լիովին զինված:

Մեծ գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ այս ոլորտը ամենահարափոփոխ-արագ զարգացողներից է, եւ ձեռքը ժամանակի զարկերակի վրա պահելն անխուսափելի է: Միշտ նոր բան սովորելու տեղ կա:

2020 թ. դարձյալ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ, GIZ-աջակցությամբ մեկնարկեց Հայաստանում բնական կերային հանդակների քարտեզագրման ծրագիրը, որի աջակիցներից էին նաեւ ICARE-ը եւ ECOSERVE-ը: Հիմնական շահառուն Էկոնոմիկայի նախարարությունն է:

Այսօր՝ հունիսի 23-ին ջրային ռեսուրսների կառավարման ամբոնում Լիլիթ Ավդալյանը (ICARE հիմնադրամ), Աղասի Մնացյանը (GIZ) եւ նախագծի ԱՏՀ-ի գլխավոր մասնագետ Ստեփան Խաչատրյանը ներկայացրին ծրագրի վերջնարդյունքները:

Աշխատանքների ընթացքում դաշտային հետազոտական աշխատանքներից զատ օգտագործվել են Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի ընձեռած նյութերը, ԵՄ Կոպեռնիկուս ծրագրի Sentinel 2 արբանյակից ստացված հնգօրյա պարբերականությամբ թարմացվող ազատ հասանելի տվյալները: Արդյունքները շոշափելի են՝ կազմվել են հողածածկի եւ հողօգտագործման, խոտածածկ տարածքների վիճակի, կենսազանգվածի գնահատման քարտեզներ, որոնք այլեւս հասանելի կլինեն նաեւ մեր մասնագետների եւ ուսանողների համար: