Մեր յուրօրինակ ուսանողները․ անասնաբույժ դառնալու եւ հայրենիքում ապրելու երկու երազանքս միասին կատարվեց․ Էսթեր Կոր

Անասնաբուժական ֆակուլտետի առաջին կուրսեցի Էսթերը բաց-անմիջական-ազնիվ-լուսավոր մարդ է, որ հայրենիք է վերադարձել իր երազանքների հետեւից:

Ծնվել է Ֆրանսիայում, Մոնպելյեում: Հայրը սիրիահայ է՝ ճարտարապետ, մայրը երեւանցի է, որ ֆրանսերենի մասնագետ դառնալու համալսարանական փուլը որոշեց շարունակել եւ PhD-ն անել այդ լեզվի բնօրրանում: Հենց այնտեղ էլ ստեղծվեց ընտանիքը, որի միակ երեխան է Էսթերը: Ծնողները ամեն ինչ արեցին, որ դստեր կրթությունը լիարժեք լինի, երաժշտական դպրոց (ջութակ) հաճախելով, հայեցի դաստիարակությամբ: Մկրտեցին Մարսելի Հայ Առաքելական եկեղեցում, արեւելահայերենը դարձավ նրա նախնական լեզուն: Ֆրանսերենի, անգլերենի, անգամ ռուսերենի հերթը շատ ավելի ուշ եկավ՝ մանկապարտեզ-դպրոց-բուհ շղթայի ընթացքում:

Աղջկա՝ անասանաբույժ դառնալու ցանկությունը անսպասելի էր քաղաքային կյանքով ապրող, արվեստի բնագավառին մոտ կանգնած ծնողների համար:

– Ֆրանսիայում բժշկագիտական կրթությունից հետո ամենադժվար հասանելին անասնաբուժությունն է: Շատ հարգված, պահանջարկ ունեցող, գնահատված մասնագիտություն, որին հասնելը բոլորովին հեշտ չէ: Մոնպելյեի համալսարանի բակալավրիատում սովորեցի կենսաբանություն, հուսալով, որ երազանքիս ամենամոտ ոլորտն է դա,- ասում է Էսթերը:

Բայց սա չէր գոհացնում: Բացի այդ: Մեծանալու հետ Հայրենիքի ձգողական ուժը ավելի մեծացավ: Մեծանում, շոշափելի էր դառնում Երեւանում ապրել-սովորելու երազանքը: Եւ նա եկավ երազանքը իրականություն դարձնելու:

– Ֆրանսիայում կուրսերը մեծ են՝ 400-հոգանոց: Մարդիկ սովորում են առանց իրար ճանաչելու, առանց շփվելու, ամեն մեկն իր պարփակված աշխարհում: Այստեղ ուրիշ է: Եւ կուրսեցիները, եւ դասախոսները պատրաստակամ են բոլորին օգնելու՝ լսարանից ներս, դասերից հետո, երեկոյան կարող ենք հանգիստ դիմել եւ ստանալ հարցերի պատասխանները: Այստեղ սիրով եմ սովորում,- ասում է ապագա անասնաբույժը:

Էսթերը համոզված է, որ Աստծու արարած աշխարհում մարդը բնության հետ պետք է ներդաշնակ ապրի: Մտորում է հովվերգության – ագարակի մասին: Նա Աստծուց ու աշխարհից շնորհակալ է այն ամենի համար ինչ ունի: Երեւի գնահատելու-գոհանալու կարողությունը քիչ պատահող, բայց յուրաքանչյուրին երջանիկ դարձնող բացառիկ հատկություն է… Էսթերն օժտված է այդ հատկությամբ: