Մարտահրավերների լուծման բանալիները գիտության ոլորտում են․ մեկնարկել է Ուսանողական գիտական շաբաթը

Երեկ՝ մայիսի 15-ին, մեկնարկել է ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած Գիտական շաբաթը: Մեծ դահլիճում ոչ միայն մեր բուհի ուսանողներն էին, այլ նաեւ Երեւանից ու մարզերից ավագ դպրոցների, քոլեջների սաներ, որոնք մասնագիտության ընտրության կարեւոր ջրբաժանում են:

«Գիտություն-ուսանող կապի ամրապնդում» խորագրով համաժողովը մեկնարկեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի ողջույնի խոսքով։ Նա կարեւոր համարեց ուսանողների գիտական հետաքրքրվածությունը, շեշտեց, որ անհրաժեշտ է միշտ խրախուսել ու աջակցել այս ջիղը: Ռեկտոր Ուռուտյանը ագրարայինցիների հետազոտական աշխատանքների ընդլայնվող ծավալները բնութագրող, գիտաչափության եւ գիտության առեւտրայնացման ընդամենը մի քանի, բայց խոսուն թիվ նշեց՝ 53 %-ով ավելացել է բազային ֆինանսավորումը, մեկ տարվա ընթացքում մերոնք 281 հոդված են հեղինակել, որոնցից 118-ը՝ արտերկրում, 39-ը՝ բարձր ազդեցության գործոն ունեցող հանդեսներում: Բուհը գրեթե կրկնակի ավելացրել է գիտական արդյունքի հրատարակման (հոդվածներ, մենագրություններ, ձեռնարկներ) խրախուսման ֆոնդը:

ՈՒԳԸ-ը (նախագահ՝ Զարուհի Հովեյան) սերունդների համագործակցության եւ հետազոտողների փոխկանչի ամենակարեւոր հարթակն է եւ միշտ, բոլոր ժամանակներում եղել է բուհի ղեկավարության հոգածության ծիրում:

Համաժողովը հյուրընկալել էր իրենց ոլորտներում կայացած, արդեն հաստատուն խոսք ասած երիտասարդ գիտնականների՝ Անուշ Մարտիրոսյանին, Նարեկ Աբելյանին, Հռիփսիմե Մկրտչյանին, եւ մեր բուհի շրջանավարտ Դավիթ Պիպոյանին: Իրենց գործում կայացած այս մասնագետները երիտասարդներին հաղորդակից դարձրեցին իրենց փորձին, ընդ որում սա ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի աջակցությամբ մասնագիտական կողմնորոշման միջոցառման առաջին մասն էր։ Բոլոր խոսնակների ելույթներն էլ հետաքրքիր էին, բայց Դավթի խոսքը լեցուն էր հարազատ համալսարանի եւ ընտրած մասնագիտության հանդեպ անհուն սիրով, որը, հուսանք, փոխանցվեց դպրոցականներին ու քոլեջականներին։

Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացված միջոցառման երկրորդ մասում ուսանողների, քոլեջների սովորողների եւ դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը շարունակվեց շքասրահում, որտեղ ՀԱԱՀ ուսանողները ցուցադրեցին համալսարանի նոր լաբորատորիաներում իրենց ձեռքով ստեղծած նորարարական արտադրատեսակները եւ ձեռք բերած մասնագիտական հմտությունները։

Շեշտենք, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի թիրախներից է գյուղատնտեսությունը որպես ոլորտ եւ այն խրախուսում է այդ ոլորտի տեսանելիության բարձրացմանն ուղղված երիտասարդական նախաձեռնությունները, մասնագիտությունների պահանջվածության եւ կարեւորության մասին իրազեկումը: Ծրագրի ընդհանուր նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց ընձեռել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ հյուրընկալության ոլորտներում։

Այսօր Ուսանողական գիտական շաբաթի շրջանակում տեղի ունեցան ֆակուլտետների ուսանողական գիտական ժողովները։ Ի դեպ, այսօր՝ մայիսի 16-ը, Ուսանողների եւ երիտասարդների օրն է, որի կապակցությամբ շնորհավորում ենք ՀԱԱՀ բոլոր ուսանողներին՝ մաղթելով, որ գտնեն իրենց արժանավոր տեղը հայաստանյան զարգացող ու փոխակերպվող գյուղատնտեսական աշխատաշուկայում։