Մասնագիտական ընդհանուր հետաքրքրություններ եւ խնդիրներ․ հյուրընկալեցինք Մանկավարժական համալսարանի ուսանողներին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Գայանե Մարմարյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսեցիներին: Սա օրինակելի համագործակցության առաջին փորձը չէ: Այսօրվա մեր հյուրերը գարնանը մասնակցել էին ուսանողական գիտաժողովին:

Դիմելով երիտասարդներին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը նկատեց.

– Որեւէ հնարավորություն պետք է օգտագործենք մեր ուսանողներին (իսկ ես չեմ տարանջատում՝ բոլորը մերն են) լիարժեք գիտելիքներով զինելու նպատակով: Մենք ունենք մասնագիտական համանման հետաքրքրություններ եւ խնդիրներ, որոնք կարող ենք եւ պետք է համատեղ լուծենք:

Բացի գլխավոր հանգրվանից՝ ABioNet նախագծի շրջանակում ստեղծված Սննդի անվտանգության լաբորատորիայից, իրենց դռները ապագա մանկավարժների առջեւ սիրով բացեցին նաեւ AFISHE նախագծի շրջանակում բացված գիտաուսումնական լաբորատորիան եւ Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիան։ AFISHE նախագծի համակարգող Գարեգին Համբարձումյանը եւ տիկին Մարմարյանը ուսանողներին ծանոթացրեցին լաբորատորիային, ինչպես նաեւ Էրասմուս + ծրագրի շրջանակում Ագրարայինի ուսանողներին ընձեռվող լայն հնարավորություններին։ Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում գ․գ․դ․, պրոֆ․ Սերգեյ Երիցյանը հակիրճ անդրադարձավ գործնականորեն ամբողջ Հայաստանի ֆերմերների հողատարածություններից բերվող հողի, բույսերի եւ ջրի նմուշների անալիզներին։

Նկատենք, որ թվարկված ուսումնահետազոտական կենտրոնները ստեղծվել են միջազգային համագործակցության ծրագրերի աջակցությամբ եւ արդյունավետ են օգտագործվում:

Մանկավարժականցիները եղան նաեւ ՀԱԱՀ պատմության թանգարանում։

Այս ընդհանուր ծանոթություն-համայցից հետո, ՀՊՄՀ սաները դոկտ․ Մարմարյանի օգնությամբ ուսումնահետազոտական փորձ իրականացնելու հնարավորություն ստացան․ մասնավորապես ձեռք բերեցին բուֆերային համակարգ պատրաստելու, pH տիրույթը չափագրելու եւ ավտոմատ կաթոցիչներով աշխատելու կարողություն։