Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում եւ հարակից պուրակում կմեկնարկի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը ընձեռում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում՝ համագործակցելով ՀԱԱՀ-ի հետ:
Միջոցառումն ունի սոցիալական կարեւոր շեշտադրում՝ կանանց եւ խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ աշխատանքի շուկայում ներգրավվելու, ինչպես նաեւ նպաստելու ավելի բազմազան եւ ներառական աշխատատեղերի ստեղծմանը։
Մյուս կողմից էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են օգտագործել այս միջոցառումը՝ ուսումնական հաստատություններում դասավանդողների ու դուալ կրթության պատասխանատուների հետ հարաբերություններ կառուցելու, աշկերտներ ընտրելու եւ դուալ կրթությամբ աշխատանքային հնարավորություններ հաստատելու համար:
Տոնավաճառի մասնակիցները (շուրջ 40 տաղավար) ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են, ագրոբիզնեսի եւ գյուղատնտեսության ոլորտներում մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են այգեգործությամբ, կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի արտադրությամբ, գյուղմեքենայացման եւ խելացի գյուղատնտեսական ծառայություններով, անասնաբուժությամբ եւ այլ գործունեությամբ։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։