Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերսկսել է մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ու միջին մասնագիտական հաստատությունների՝ ՀԱԱՀ այցելությունների կազմակերպման գործընթացը: Այս ուսումնական տարվա առաջին հյուրերը Նոր Գեղիի Ա.Կ. Աղաջանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաներն էին, որոնց սիրով ընդունեց ԿԶՇԿ բաժնի առաջատար մասնագետ Մանե Շուշանյանը:
Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տիկին Շուշանյանը նախ համառոտ ներկայացում կատարեց համալսարանի առաջարկած մասնագիտությունների, ստորաբաժանումների, նորարարական ուսումնահետազոտական ենթակառույցների շնորհիվ համալսարանի ունեցած նորօրյա հնարավորությունների վերաբերյալ: Այնուհետեւ քոլեջի սովորողներին նա ուղեկցեց համալսարանի ջերմատուն, ընդհանուր քիմիայի լաբորատորիաներ եւ գինեդարան:
Երիտասարդների այցելությունն այս անգամ սահմանափակվեց նշված ստորաբաժանումներով, սակայն նրանց տված հարցերի որակը խոսում էր նրանց հետաքրքրության մասին: Տպավորությունն այնպիսին էր, որ ելակի ու վարդի տարբեր սորտերի աճեցման մասին հետաքրքիր տեղեկությունները ապագա մասնագիտական կրթության սկիզբն էր սովորողներից ոմանց համար, իսկ շատերն էլ, գուցեեւ առաջին անգամ, իրենց համար բացահայտեցին քիմիայի ամբողջ հմայքն ու հզորությունը, հասկացան, որ գինին վերադառնում է հայկական մշակույթ, եւ դա շատ լավ է…
Այսպիսով, մեկնարկը տրված է. համալսարանի դռները բաց են մասնագիտական կողմնորոշման շեմին կանգնած բոլոր պատանիների ու աղջիկների համար: