Ճարտարագիտական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՀՀ եւ Հունաստանի խաղաղության դեսպաններին, համապատասխանաբար՝ Նելլի Դավթյանին եւ Անգելոս Վերնարդոսին: Վերջինը սննդամթերքի որակի վերահսկման մագիստրոսական երկու աստիճան ունի, որ ստացել է իր հայրենիքում եւ Նիդերլանդներում: Նա շնորհանդես էր նախապատրաստել՝ նվիրված սննդի որակի կառավարմանն ու այդ ոլորտում ներդրումների արեւմտյան փորձառությանը: Մթերքի համ, հոտ, փաթեթավորում, թափոնների ազդեցություն շրջակա միջավայրի վրա. այս բոլոր հանգամանքները մանրակրկիտ դիտարկվեցին հայտնի ապրանքանիշերի լավագույն օրինակներով:
Թեեւ մեր հյուրերը պատրաստ էին աշխույժ քննարկման ու մտքերի փոխանակման, լսարանը, ի բացառյալ մի քանի հոգու, բավականին անհաղորդ էր: Հավանաբար այդ էր պատճառը, որ թեմայի առաջին՝ որակի վերահսկման բաղադրիչը դիտարկելուց հետո Նելլի Դավթյանն առաջարկեց ներդրումների խնդիրը քննարկել մի քանի օրից: Իսկապես, հանրային առողջության հետ կապված կարեւոր հարց է, եւ արժե, որ ավելի նախանձախնդիր-շահագրգիռ դիտարկվի: Լայն առումով, ուշիմ եւ արձագանքող լսարանը մեկ այլ հմայք ունի բանախոսների համար:
Հենց այդ օրն էլ հետաքրքվածներին կշնորհեն նաեւ ծրագրին մասնակցելու մասին հավաստագրեր: