«Հզոր միտք» – «Ուսանողի տուն»․ շարունակական – ցկյանս կրթություն եւ անպատճառ՝ հայեցի

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում քոլեջի սաները, կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Սարոյանի նախաձեռնությամբ, պատեհություն ունեցան լսելու երիտասարդ, խելացի բանախոսների՝ Սոնային, Ծովինարին եւ Ստելային։ Նրանց եռանդն ու համոզմունքը, թե յուրաքանչյուրը կարող է աշխարհը փոխել դրական ուղղությամբ, ինչպես  Ռեյմոնդ Դամադյանը, Ալեք Մանուկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Արտեմ Փաթափությանը… իրապես վարակիչ էր:

Մեր հյուրերը հանգամանորեն պատմեցին-ներկայացրեցին «Հզոր միտք» կազմակերպությունը, որը 2019-ից նախագծեր է իրականացնում՝ բեկման օրեր, բնագիտական ուղղվածության ճամբարներ, վեբինարներ, ընթերցասիրության խթանում, ամենշաբաթյա այցեր մարզեր, որտեղ պատանիներին օգնում են նոր մտահղացումներ կյանքի կոչել՝ նպաստելով նաեւ հայրենի եզերքի շենացմանը: Սովորիր-սովորեցրու, հզորացիր-հզորացրու կարգախոսները պատանիներին թռիչքի մղող հանգամանքներ են: Խնդիրը տեսնո՞ւմ ենք, եթե այո՝ փորձում ենք լուծո՞ւմ գտնել, նախաձեռնում ենք այն անսխա՞լ լուծել. մենք ենք ընտրում ճանապարհը: Ստեղծող-արարող, թե պարզապես սպառող, երջանիկ, թե ապերջանիկ, հարուստ, թե ոչ այնքան. մենք ենք ընտրում ճանապարհը ու դրանով պարտադրված կարգավիճակը:

Շարունակական կրթություն, լեզուների փայլուն իմացություն՝ անպատճառ հիմնված մայրենիի անթերի իմացության վրա, պարենային ինքնաբավության՝ աշխարհը համակած խնդիրը, որի լուծումը Ագրարայինի առաքելության անկյունաքարն է․ այս ամենի մասին խոսեցին երեք համակրելի հայուհիները: Խոսեցին շիտակ, պարզ, պատանիներին հասկանալի լեզվով, ակնհայտ էր, որ տարիքային այս խմբի հետ աշխատելու հարուստ փորձ ունեն եւ արարելու կամք: