Հերմինե Մխիթարյանը «Դասախոսական գավաթ 2022»-ի հաղթող

Հունվարի 26-ին ՀԱԱՀ֊ի շախմատի լսարանում կայացան շախմատի միջբուհական «Դասախոսական գավաթ 2022» մրցումները, որոնց մասնակցում էին 7 բուհերի թիմեր։ Կանանց պայքարում Ագրարային համալսարանը ներկայացնում էր ՏՏ կենտրոնի աշխատակցուհի Հերմինե Մխիթարյանը, որը փայլուն հաղթանակներ տոնեց եւ հռչակվեց առաջնության չեմպիոնուհի։ Մրցանակային երկրորդ տեղը գրավեց Թամարա Սարգսյանը Մանկավարժական համալսարանից, իսկ երրորդը Մարգարիտա Բեգլարյանն էր Բժշկական համալսարանից:

Տղամարդկանց պայքարում մեր համալսարանը ներկայացնում էր Ագրոբիզնեսի դեպարտամենտի աշխատակից Կարեն Չախոյանը։ Կարենը նույնպես իրեն շատ լավ դրսեւորեց, եւ միայն մեկ սայթաքման պատճառով բավարարվեց 2֊րդ տեղով։ Առաջին տեղը գրավեց ՀՊՏՀ ներկայացուցիչ Վահրամ Նալչաջյանը: Երրորդը Կարապետ Կոգարովն էր Պոլիտեխնիկականից:

«Մեր մասնակիցների մրցելույթները փայլուն էին, մանավանդ հաշվի առնելով մասնակիցների բավականին մրցակցային կազմը: Շնորհավորում եմ եւ մաղթում նոր նվաճումներ: Մենք Ագրարայինում կարեւոր ենք համարում նաեւ մարզական հաջողությունները»,- ասում է ՀԱԱՀ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Կիրակոսյանը: