Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսոր Վիկի Կաթսոնին վերապատրաստման նպատակով ՀԱԱՀ էր ժամանալ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։
Այցի առաջին օրը նա եղել է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ նրան ներկայացրել են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Հանդիպել է նաեւ ՄԿԿԲ գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանին, որը ներկայացրել է ՀԱԱՀ-ում կատարվող կրթական բարեփոխումները։
Հիմք ընդունելով հյուրի հետաքրքրություններն ու մասնագիտության ուղղվածությունը՝ ՄԿԴ-ի միջոցով հանդիպում-քննարկում է կազմակերպվել Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնում, որտեղ մշակվում են ագրոտուրիզմի կրթական ծրագրերը։
Մինչ այցը պրոֆեսորը տեղեկացվել էր, որ մեր համալսարանը ցանկանում է մշակել եւ զարգացնել ագրոտոտուրիզմի երկարաժամկետ եւ կարժաճամկետ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ մասնակցել այդ ոլորտի միջազգային նախագծերի։ Հենց այդ ուղղությամբ էլ ծավալվել են քննարկումները։
Նշենք, որ հյուրը ոչ միայն Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսոր է, այլեւ Մշակութային եւ թվային տուրիզմի միջազգային ասոցիացիայի պրեզիդենտն է (International Association of Cultural and Digital Tourism, IACuDiT): Սա շատ շահեկան է մեզ համար այն տեսանկյունից, որ պրոֆեսոր Կաթսոնին պատրաստակամություն է հայտնել մասնակցել տուրիզմի եւ ագրոտուրիզմի ուղղությամբ համատեղ կրթագիտական ծրագրերին։
Այս անգամ ևս կցանկանանք շեշտել, որ հին կամ նորաստեղծ կապերի ամրապնդման համար կարևոր է, որ մեր համալսարանականները նախաձեռնող լինեն, կարողանան ներկայացնել միջազգային ծրագրերի հետ կապված առաջարկություններ եւ պատրաստ լինեն համատեղ ուժերով աշխատել արտերկրի մեր գործընկերների հետ։ Այլապես ցանկացած այց կլինի ընդամենը ուղեւորություն եւ չի վերածվի համատեղ աշխատանքի եւ ծրագրի ու չի ունենա երկարատև ազդեցություն համալսարանի վրա։
Պրոֆեսորը վերապատրաստումից զատ առիթ ունեցավ ծանոթանալու նաև Հայաստանի տարբեր տեսարժան վայրերին, որոնք իրապես գերեցին նրան։ Իսկ հանդիպման վերջին օրը պրոֆեսորն արդեն մասնագիտական տեսանկյունից ներկայացրեց Հայաստանի դեռ չօգտագործված զբոսաշրջային հնարավորությունները, առկա բացերը, եւ հատկապես այն, ինչն արդեն զարգացած է եւ գրավում է հյուրերին։ Հուսանք, որ արտերկրի մեր բոլոր գործընկերները կլինեն պրոֆեսոր Վիկի Կաթսոնիի նման կենսուրախ եւ դրական էներգիայով լի։
ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյան