Հետքովիդյան Էրազմուսի առաջին հյուրերը ՀԱԱՀ-ում․ ռումինական այցը

Քովիդի հետևանքով սահմանված և շուրջ 1․5 տարի տևած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմ-առ-դեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, ինչպես ողջ աշխարհն է դանդաղորեն վերադառնում բնականոն կյանքին, այնպես էլ միջազգային գործողություններն են դանդաղորեն ակտիվանում։

Ուրախությամբ նշենք, որ այս շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանից։ Միհաելա Նիկուլաեն և Էմոկե Փալը, ովքեր դասավանդում և հետազոտություններ են իրականացնում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների և վերարտադրողականության ոլորտում, ՀԱԱՀ ժամանեցին վերապատրաստման նպատակով։ Հանդիպման առաջին օրը ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ կառուցվածքը, մասնագիտությունները, միջազգային համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները, ինչպես նաև հյուրերին ցուցադրեց ՀԱԱՀ տարբեր ենթակառուցվածքները։

Հյուրերը եղան գրադարանի տարբեր բաժիններում, Ագրիթեքում, որտեղ համակարգող Ս․ Հայրապետյանը ներկայացրեց Ագրիթեքի գործունեությունն ու զարգացման հնարավորությունները, այցելեցին ՊՏ և ԱԲԱ ֆակուլտետներ, հանդիպեցին ՄԿԿԲ պրոռեկտոր Մ․ Մովսիսյանին, ով ներկայացրեց համալսարանում կատարվող կրթական բարեփոխումների ընթացքը։

Փորձի փոխանակման և հնարավոր միջազգային ծրագրերին դիմելու ուղղությամբ հյուրերը ակտիվ քննարկումներ ունեցան ԱԲԱ դեկանի, Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչի հետ։ Հատկապես ամբիոնի հետ հանդիպման ժամանակ ուրվագծվեցին այն ոլորտները, որոցով մեր երկու համալսարանները կարող են համագործակցել։ Հյուրերը եղան նաև Արեշի մասնաշենքում ստեղծված Անասնաբուժական կրթագիտական կենտրոնում, որտեղ ծանոթացան առկա սիմուլյացիոն գործիքներին և դրանց աշխատանքի սկզբունքներին։ Հետաքրքիր է, որ Ռումինիայում անասնաբուժական կրթությունը 6 տարի է և այնտեղ չկա բակալավրի-մագիստրոս տարանջատում․ 6 տարին ավարտելուց հետո նրանք հնարավորություն ունեն միանգամից դառնալու PhD ուսանող։ Պրոֆեսորներ Միհաելա Նիկուլաեն և Էմոկե Փալը ոչ միայն ցանկություն հայտնեցին համատեղ ծրագրեր իրականացնել, այլև պատրաստակամություն հայտնեցին ՀԱԱՀ-ի համար գտնել նոր գործընկերներ, որոնք ակտիվորեն համագործակցում են ռումինական համալսարանի հետ։ Այստեղ արդեն շատ կարևոր է մեր ամբիոնների պատրաստակամությունն ու հետևողականությունը՝ ստեղծված հնարավորությունից օգտվելու և իրական համատեղ ծրագրեր իրականացնելու տեսնակյունից։

Էրազմուսյան այցերը կարևոր են մշակութային և ազգային առանձնակատկություններին ծանոթացնալու տեսանկյունից ևս։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով օտարերկրացիների շրջանում ձևավորված և Հայաստանին վերաբերող որոշ կարծրատիպեր կոտրելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքման նպատակով ՄԿԴ պետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին նաև հայաստանյան «այցեքարտ» համարվող Գեղարդի վանք ու Գառնու տաճար, որոնք անջնջելի տպավորություն թողեցին հյուրերի վրա։ Իսկ վերջին օրը ՄԿԴ-ն կազմակերպեց նրանց այցը Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան։ Ինչպես խոստովանեցին վերջում, «․․․այժմ մենք ոչ միայն տպավորված են Հայաստանով ու հայոց պատմությամբ, այլև էապես փոխեցինք մեր նախկին կարծիքը Հայաստանի մասին»։ ՄԿԴ-ն տպավորված է հյուրերի թե մասնագիտական և թե մարդկային բարձր որակներով։