Հետաքրքիր աշխատանք Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտում եւ անվճար մագիստրատուրա

Գագիկ Գրիգորյանն Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտության բակալավրիատը նոր է ավարտել, գերազանցության դիպլոմով։ Ավարտելուց առաջ աշխատանքային կիսամյակն անցկացրել է «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ում, որտեղ աշխատում էր Կենսագործունեության անվտանգության ամբիոնի հրավիրյալ դասախոս Լուսինե Հովհաննիսյանը։

Հենց տիկին Հովհաննիսյանից էլ Գագիկը եւ համակուրսեցիներից եւս երեքը աշխատանքի առաջարկ ստացան (տիկին Հովհաննիսյանն, ի դեպ, այժմ արդեն «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ-ի տեխնիկական հսկողության մարմնի ղեկավարն է)։ Տեխնիկական ոլորտի փորձագետ աշխատող մեր 4 շրջանավարտներին ամենայն հավանականությամբ շուտով կմիանա 5-րդը։

Գագիկի մասնագիտացումն է՝ փորձագետ ճնշման տակ աշխատող անոթների, դյուրավառ, օքսիդացող, այրվող, պայթյունավտանգ, թունավոր նյութերի ոլորտում․ կարեւոր մասնագիտություն եւ մասնագիտացում է, որին Գագիկը վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ, մանավանդ որ իր ու մյուսների աշխատանքի որակի համար հանձնառու է դասախոս-ոլորտի պատասխանատուն։

Գագիկի եւ ընկերների օրինակը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ագրարային համալսարանի՝ մեծ հաջողությամբ իրագործած աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցման գաղափարի կենսունակությունն ու հեռանկարը, որին ըստ ամենայնի նպաստում է համապատասխան ոլորտներից որպես հրավիրյալ դասախոս ՀԱԱՀ հրավիրված գործող մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքն ու նրանց հետ փոխշահավետ համագործակցությունը։

Մագիստրոսական կրթությունը Գագիկ Գրիգորյանը շարունակելու է հարազատ բուհում, անվճար՝ Ճշգրիտ գյուղատնտեսություն նորօրյա, հեռանկարային մասնագիտությամբ։