Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Վախթանգ (Վատո) Լեջավայի եւ Վրաստանի ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Քեթեւան Գաչեչիլաձեի հրավերով, ռեկտոր Վարդան Ուռուտյանը երկօրյա աշխատանքային այցով եղավ բարեկամ երկրում։ Նոյեմբերի 19-ին այցելեց Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան եւ Վրաստանի նորարարության եւ տեխնոլոգիայի գործակալություն։
Ռեկտոր Ուռուտյանը ջերմ ու բարեկամական հանդիպում ունեցավ ռեկտոր Լեջավայի հետ, շրջեց գործընկեր համալսարանում, ծանոթացավ եղած տեխնոլոգիական եւ առհասարակ որակական մեծ առաջընթացին, որ ունեցել է Ագրարայինի հին գործընկեր համալսարանը։ Վրաստանի գյուղատնտեսական համալսարանում պարոն Ուռուտյանը տպավորիչ զարգացումների ականատեսը եղավ՝ բազմաթիվ ժամանակակից լաբորատորիաներ եւ, ինչպես եւ մեր համալսարանում՝ STEM ուղղությունների բուռն թափով առաջընթաց։ Գինու ուսումնագիտական կենտրոնում առիթ եղավ համտեսել ուսանողների պատրաստած գինիները։ Շատ տպավորիչ էր գաստրոնոմիական կենտրոնը, որը խոհարարական հավաստագրման դասընթացներ է իրականացնում։
Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի իր գործընկերոջ հետ ՀԱԱՀ ռեկտորը պայմանավորվել է համագործակցության մի շարք ուղղությունների վերաբերյալ՝ ուսանողների փոխանակում, համատեղ գիտական ծրագրերի իրականացում, միջազգային նախագծերի մասնակցություն եւ այլն։
Վրաստանի տեխնիկական համալսարանում պարոն Ուռուտյանն այցելեց Գյուղատնտեսական գիտությունների եւ կենսաբանական համակարգերի ճարտարագիտության ֆակուլտետ։ Այդ համալսարանի ռեկտորի՝ երկրից բացակայության բերումով ՀԱԱՀ ռեկտորին ընդունեցին պրոռեկտոր Զուրաբ Գասիտաշվիլին եւ դեկան Գիորգի Կվարցխավան։ Այստեղ եւս շրջայցը հետաքրքիր էր, իսկ եղած լաբորատորիաներից ամենատպավորիչը ագրոճարտարագիտականն էր։ Վրաստանի տեխնիկականի հետ նույնպես նախանշվեցին հետագա գործակցության հնարավորություններ։
Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիայի գործակալությունը, որ ՀԱԱՀ ռեկտորի այցի հաջորդ նպատակակետն էր, օգնում է վրացական ստարտափներին՝ տրամադրելով աշխատանքային տարածքներ, սարքավորումներ, ներառյալ գերհզոր Ֆաբլաբ տեխնոլոգիաներ, մեկնարկային ֆինանսավորում, ինչպես նաեւ ապահովում մենթորներով։
Վրաստանի գյուղատնտեսական համալսարանում սովորում է մոտ 2500 ուսանող, իսկ Վրաստանի տեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական գիտությունների եւ կենսաբանական համակարգերի ճարտարագիտության ֆակուլտետում՝ մոտ 2000։ Գյուղատնտեսականի վարկանիշը շատ բարձր է հարեւան երկրում։ Ինչպես արձանագրում է ռեկտոր Ուռուտյանը՝ կատարված ներդրումներն ու բարեփոխումները (որոնց մաս է կազմում հեռակա համակարգի վերացումը) տվել են իրենց արդյունքները, ընդ որում համալսարանը գլխավորապես ֆինանսավորվում է տարբեր հիմնադրամներից, բարերարներից, ինչպես նաեւ վայելում է պետական լուրջ աջակցություն, ուստի էական կախվածություն չունի ուսանողների վարձավճարներից։ Գործընկեր համալսարանում, եւ առհասարակ բարեկամ երկրում, շեշտադրվում է կրթության որակը եւ այս առումով զգալի առաջընթաց է գրանցվել։
Այցի ամբողջ ընթացքում ռեկտոր Ուռուտյանին ուղեկցող՝ Վրաստանի ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Քեթեւան Գաչեչիլաձեն մեր համալսարանի շրջանավարտ է՝ 2013 թ․ ավարտել է ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը։ Ի դեպ, Վրաստանում այդ կենտրոնի ստեղծման գաղափարի ու նախաձեռնության հեղինակը ռեկտոր Վարդան Ուռուտյանն է եղել, այն ժամանակ ICARE հիմնադրամի տնօրեն։