Հայաստանում կանցկացվի ագրոանտառաբուծության առաջին խորհրդաժողովը

Հոկտեմբերի 25-ին կկայանա ագրոանտառաբուծության՝ Հայաստանում առաջին խորհրդաժողովը (AFCA 2024)՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։

Նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին, ՀԱԱՀ Ագրիթեք սրահում տեղի կունենա «Ագրոանտառաբուծություն․ գործելակերպերը Հայաստանում եւ աշխարհում» խորագրով քննարկում (սկիզբը՝ ժ․ 14։00-ին, գրանցումը՝ 13։30-ից)։ Իսկ հոկտեմբերի 26-ին կկազմակերպվի դաշտային օր՝ համատեղ այցելություն FORACCA նախագծի շրջանակում ընտրված ագրոանտառաբուծական մի քանի տեղամասեր։ Խորհրդաժողովի շրջանակում իրականացվելիք միջոցառումների ամբողջական օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, FORACCA-ի նախնական փուլում ՀԱԱՀ-ի հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:

Խորհրդաժողովի նպատակն է ներկայացնել եւ քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։

«Մենք հավատացած ենք, որ այս միջոցառումը կխթանի համագործակցությունը հիմնական շահակիցների միջեւ, որի շնորհիվ հնարավոր կլինի ներառական եւ բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանում ագրոանտառաբուծական համակարգերի ներդրման համար», – նշում է ՀԱԱՀ ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գեւորգյանը։

«Ագրոանտառային տնտեսությունը հողի բերրիությունը եւ մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու, արտադրողականությունն ավելացնելու (միաժամանակ նպաստելով լանդշաֆտների եւ կենսաբազմազանության պահպանությանը), մշակաբույսերի վարակներն ու հիվանդությունները նվազեցնելու եւ սննդամթերքի որակը բարելավելու, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խթանելու ներուժ ունի։ Մեր նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում ներդնել տարբեր ագրոանտառաբուծական համակարգեր, որոնք կարող են նախադեպ հանդիսանալ տեղական եւ միջազգային գործընկեր կառույցների համար՝ կլիմայի փոփոխության համատեքստում հիմնախնդիրները հասցեագրելու գործում», – նշում է Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը։

Նախատեսվում է, որ խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։

Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները՝ «Ագրոանտառաբուծության կարեւորությունը եւ ակնկալվող արդյունքները», «Ագրոանտառաբուծության ներածություն եւ ներկա վիճակը Եւրոպայում»։ Կներկայացվեն «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի եւ ագրոանտառաբուծության բաղադրիչի նախնական արդյունքները, ինչպես նաեւ «Ագրոանտառաբուծական գործելակերպերը Հայաստանում»։

Նախատեսվում է նաեւ երեք պանելային քննարկում՝ «Խթանել սոցիալական ներառականությունը․ Համայնքների կարիքները եւ օգուտները», «Աջակցել ագրոէկոլոգիական վերափոխմանը տնտեսական կայուն զարգացման համար», «Նպաստել հնարավորությունների միջավայրի ձեւավորմանը․ Իրավական մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրերով։

Խորհրդաժողովի ավարտին կազդարարվի Ագրոանտառաբուծության հայկական ընկերակցության նախաձեռնող խմբի աշխատանքների մեկնարկը։