Այն, որ վերջին տարիներին որոշ լրատվամիջոցների (hraparak.am, yerkir.am)` հաճախակի Ագրարային համալսարանը վատաբանող, իրականությունը խեղաթյուրված ու նենգափոխված ներկայացնող հրապարակումների սկզնաղբյուր են հանդիսացել համալսրանի նախկին ու ներկա աշխատակիցներ` դժվար չէր կռահել։ Վերջին շաբաթների ընթացքում նրանցից մի քանիսն արդեն հանդես են գալիս առանց դիմակների՝ ավելացնելով համալսարանին վնասելու իրենց տարիների ստաժը։
Վերջիններս տարածել են Ագրարայինի մասնաշենքերից մեկը Ֆրանսիական համալսարանին հանձնելու դարձյալ խեղաթյուրված տեղեկատվությունը եւ իբր «ձեռնամուխ եղել» սոցիալական հարթակում ստեղծել «Ագրարայինի աջակիցներ» խումբ Ագրարային համալսարանին աջակցելու նպատակով։
Հնարավոր է, որ այդ խմբին միացածների մեջ կան, իրոք, Ագրարայինի խնդիրներով մտահոգված եւ դրանց լուծումներին նպաստելու պատրաստակամ մարդիկ։ Բայց 2024 թվականի օգոստոսի 5-ին ընդունելության հարցերի առնչությամբ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի հրավիրած ընդհանուր ժողովին մասնակցած խմբի անդամները, եթե հետեւում են Facebook սոցիալական ցանցով «Ագրարայինի աջակիցների» խմբում տարածվող՝ վերը նշված լրատվամիջոցների հրապարակումներին, ապա կարող են իրենք իրենց հարց տալ․ արդյոք անհասկանալի՞ էր օգոստոսի 5-ին ժողովի օրակարգը, թե՞ Ագրարային համալսարան ընդունվողների թիվը ավելացնելու, հետեւաբար իսկապես Ագրարայինին աջակցություն ցուցաբերելու նոր հնարավորությունների մասին են իմացել։
Իսկ այդ ժողովի ընթացքում խոսվել է Ագրարային համալսարանին աջակցելու իրական լուրջ հնարավորության մասին, որն ընձեռվել է 2024 թ․ օգոստոսի 1-ին ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի ստորագրած N 46-Լ հրամանով հաստատված կարգը։ Այդ կարգով 2024 թվականի օգոստոս – սեպտեմբեր ամիսներին Ագրարային համալսարան եւ՛ առկա, եւ՛ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ կարող են ընդունվել քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները առանց քննություն հանձնելու։
Այդ մասին «Ագրարայինի աջակիցներ» խմբում տեղեկություն չի շրջանառվում, ընդհակառակը, փորձ է արվում մոլորեցնել ժողովին չմասնակցած իրենց խմբեցիներին եւ հետեւորդներին, որոնք այլ աղբյուրներից տեղեկացել են Ագրարային համալսարանի ուսանողների թիվը 2024 թվականի օգոստոս – սեպտեմբեր ամիսների ընթացքում 490-ով ավելացնելու հնարավորության մասին։
Այլապես Ագրարայինի աջակիցների խմբում չէին տարածի hraparak.am-ի հետեւյալ պարբերությունը պարունակող հոդվածը․
«․․․ Զաքոյանը օգոստոսի 5-ին փաստացի արձակուրդում գտնվող աշխատակիցներին հրավիրել է խորհրդակցության՝ ընդունելության հարցերի հետ կապված անհասկանալի օրակարգային հարցով: Ինչու անհասկանալի: Որովհետեւ հանրապետությունում արդեն ավարտվել է ընդունելության գործընթացը, իսկ համալսարանն արդեն 5-րդ տարին կրկնել է ընդունելության խայտառակ ցուցանիշը՝ ընդունելով ընդամենը 52 ուսանող»։
Ի դեպ, ընդունվածների թիվը 62 է։
Որպես Ագրարայինի աջակիցներ հանդես եկող որոշ աշխատակիցների, այդ թվում՝ համալսարանի նախկին ղեկավարների առերեւույթ պատվիրած կամ գուցե գրած հոդվածը իրականության հետ որեւիցե աղերս չունի։ Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի հրավիրած ընդհանուր ժողովի օրակարգային միակ հարցը հետեւյալն էր՝ միավորել Ագրարայինի ամբողջ կոլեկտիվի ջանքերը օգոստոսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի ստորագրած հրամանով հաստատված կարգի համաձայն քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտներին առանց քննությունների ՀԱԱՀ բակալավրիատ ընդունվելու հնարավորության մասին իրազեկելու նպատակով։
Չնայած ժողովի ընթացքում պարոն Զաքոյանի՝ «չեք օգնում, գոնե մի վնասեք» հորդորին, Ագրարայինի աջակիցների առաջնորդները շարունակում են համալսարանին վնասող գործողությունները, հավանաբար, նման կերպ փորձելով դառնալ «արժանի մուզիկանտ»։