Համագործակցում ենք. Նոր մտահղացում-ծրագրեր՝ հին ընկերների հետ

Հունաստանի Պիրեուսի համալսարանի հետ մեր համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, որը մոտենում է ավարտին: Մինչդեռ, ստեղծագործ, եռուն գործունեությամբ ապրող երկու համալսարանն էլ փոխհամագործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ ունեն: Այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցին մեր գործընկերները:

Հուլիսի 19-23-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակցուհի Զարինե Պողոսյանը եւ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ամալյա Գալստյանը այցելեցին հիշյալ համալսարան։ Նրանց ամենաներկայանալի կազմով են հյուրընկալել՝ ռեկտոր, պրոռեկտորներ, այդ բուհի զարգացման միտումներն ու քաղաքականությունը ուրվագծող պատասխանատուներ:

Մեր գործընկերները ցուցադրական նյութերով, ֆիլմաշարով ներկայացրել են Ագրարայինում վերջին տարիներին կատարված փոփոխությունները, որոնցից խիստ տպավորվել են բոլորը, հատկապես ՀԱԱՀ այցելելու հնարավորություն ունեցածները: Հին ու նորի համեմատությունը պարզապես առինքնող է եղել:

– Իմ հաջորդ, մոտակա աշխատանքային այցը կլինի Հայաստան,- տպավորություններից վստահաբար հիացած ասել է ռեկտորը:

Հունաստանի Մակեդոնիայի նահանգը իր դիրքով ԵՄ ծրագրերի թիրախներից է, իսկ ԵՄ ծրագրերի առաջնահերթություններից է ագրարային ոլորտն իր կայուն եւ ճշգրիտ գյուղատնտեսության, շրջանաձեւ տնտեսության, կենսատեխնոլոգիաների եւ այլ ենթաոլորտներով։ Պիրեուսի համալսարանի ներկայացուցիչները, գնահատելով ՀԱԱՀ վերջին տարիների թռիչքային զարգացումը եւ փոփոխությունները, ցանկություն արտահայտեցին դառնալ կապող օղակ, կամուրջ հանդիսանալ Մակեդոնայի նահանգի տարածաշրջանային ներկայացուցիչների եւ ՀԱԱՀ-ի միջեւ համագործակցության ընդլայնման համար: Այդ նպատակով հուլիսի 23-ին կազմակերպվեց առցանց եռակողմ հանդիպում ապագա գործընկերների միջեւ։

Այսպիսով, այցի ընթացքում արդեն դիտարկվել են մի շարք ծրագրերի շրջանակներում համագործակցություն,  ի մասնավորի ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գինեգործության թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու, տնտեսագետ հետազոտողների-ասպիրանտների եւ ուսանողների շարժունություն իրականացնելու վերաբերյալ: Երկու համալսարանի համագործակցության ողջ փաթեթը տեսանելի ապագայում կամրակայվի փոխհամագործակցության հուշագիր-պայմանագրով։

Հունական կողմը նաեւ մշակութային ծրագրեր էր նախապատրաստել: Մեր գործընկերները հատկապես մտապահել են Ջորջ Բայրոնի թողած ինքնագիրը՝ պերիպտեր տաճարի սյան վրա: Եւ խորհրդանշական է, որ անգլիացի մեծ բանաստեղծը սիրում էր հին, փառահեղ ճանապարհ անցած հայ եւ հույն ժողովուրդների մշակույթները, ընդդեմ թուրքական լծի մասնակցել էր հույների ազատագրական պայքարին:

Կարծում ենք, մեր համալսարանների համագործակցությունը եւրոպական քաղաքակրթության, արժեհամակարգի խորհրդանիշ-մարմնացում կարող է դառնալ: