ԵՊՀ-ում ուսանելու տարիներին պրոֆեսոր Նարիմանյանը լսել է պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանի հատուկ կուրսը, հետո աշխատել է մեր բուհի մաթեմատիկայի ամբիոնում, հիմա Բրեմենի համալսարանում է: Համագործակցության, նոր մտահղացումների սկիզբը 2020-ին էր, թագաժահրի ամենաբուռն շրջանում, երբ Գերմանիա գործուղման մեկնած պրոֆեսոր Խաչատրյանը գարեջուր համտեսելու փոխարեն (այն՝ ինչ սովորաբար անում են հյուրերը) ցանկություն հայտնեց լինել գիտական կենտրոններում, գրադարաններում: Մտահղացումն ինքնին օրինաչափ էր՝ մոդելավորել COVID-19 համաճարակի բռնկման, տարածման ոչ գծային ընթացքը, հաշվարկել-կանխատեսել պիկն ու ստանալ մարման կորը: Նման հաշվարկների փորձ արդեն արվել էր 1918-20 թվականներին, սակայն Աղավարդ Խաչատրյան, Խաչատուր Խաչատրյան, Արսեն Նարիմանյան գիտական ամուր եռյակը լավարկեց բանաձեւերն ու անթերի, գրեթե ճշգրիտ կանխատեսեց, պատկեր ստացավ՝ եռաչափ գրաֆիկով: Այս նույն մոդելը կիրառելի է նաեւ բուսական ու կենդանական աշխարհների հիմնախնդիրները դիտարկելիս, լուծումներ որոնելիս: Անհրաժեշտ է պարզապես ճշգրիտ տվյալների հիմք ունենալ եւ հստակ դրված խնդիր: Չմոռանաք, որ ագրարային ոլորտի հիմնահարցերը ռազմավարական բնույթ ունեն եւ ամենաուղիղ կապ հանրային առողջության հետ:
Այն, որ մաթեմատիկան գիտությունների թագուհին է շատ լավ էին հասկացել դեռեւս Անտիկ դարաշրջանում եւ առաջին փիլիսոփաները մաթեմատիկոս էին: Կամ մաթեմատիկոսներն էին առաջին փիլիսոփաները: Այսօր աշխարհում չկա մի ոլորտ, որ գոյատեւի առանց մաթմոդելավորման: Բնավ պատահական չէ, որ Բրեմենի համալսարանում կա արդյունաբերական մաթեմատիկայի մասնագիտացում եւ զբաղվում են խելացի ագարակներ, վերականգնվող այլընտրանքային էներգիայի աղբյուրներ եւ էլի հազար ու մի մեծ ու փոքր կնճիռներ հարթելու ճանապարհները հայտնաբերել-ուրվագծելով:
Այս տարվա ձմռանը Ագրարայինի ռեկտոր Զաքոյանը եւ Բրեմենի համալսարանի նախագահ Գյունտերը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է ակադեմիական շարժունության հնարավորություն ընձեռել պրոֆեսորադասախոսական կազմի ներկացացուցիչներին եւ ուսանողներին, աշխուժացնել մշակութային առնչությունները: Գիտնականները 2026-28 ժամանակային ընդգրկմամբ կարող են վեր հանել թիրախային խնդիրներն ու համատեղ լուծել դրանք: Հիմա անհրաժեշտ է արագ նախանշել խոցելի կետերը: