Հոդվածի վերտառությունը Թումո լաբերի ծրագրերի պատասխանատու Բելլա Վասիլյանի պատասխանն է․ իսկ հարցնողը Ջրային եւ հողային ռեսուրսների ճարտարագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանն էր.
-«Նորարարական» եզրույթի գլխավոր բաղադրիչը նոր-ն է, իսկ ո՞րն է դրա չափելիությունը:
Իսկապես, փիլիսոփայական մի հարց, թե այս հին աշխարհում ինչպե՞ս պետք է զանազանենք ու զատենք նորը: Եւ Բելլա Վասիլյանի պատասխանը շատ հիմնավոր էր՝ ճիշտ հենքի վրա կառուցված. «Նոր է նաեւ այն գաղափարը, որը փորձում ես իրականացնել ավելի հեշտ ճանապարհով, որի վերջնարդյունքը ավելի մատչելի է, օրինակ՝ գյուղացու համար, եւ կիրառելի կլինի աշխարհի որեւէ կետում»:
Թումո լաբերը, որի շահառուները 18+ մարդիկ են, առանց վերին շեմի սահմանափակման, արդեն երկրորդ անգամ, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ AgreTech ծրագիր է նախաձեռնում՝ նվիրված գյուղատնտեսության հիմնախնդիրներին: Նպատակն է մեկ հարթակում համախմբել ագրարային ոլորտի եւ Թումո լաբերի՝ ՏՏ ասպարեզից խոր գիտելիքներ եւ հմտություններ չունեցող՝ «չծրագրավորող» մասնագետներին: Վերջինները կարող են հզոր ծրագրակազմերի կիրառման շնորհիվ մոդելավորել խնդիրներն ու գտնել դրանց լավագույն լուծումները: Այստեղ ե´ւ գաղափարներ են ծնվելու, ե´ւ իրագործման կարճ–լավարկված ճանապարհներն են մատնանշվելու, ե´ւ շուկայի համակողմանի ուսումնասիրություն է իրականացվելու, ե´ւ թիմեր են ձեւավորվելու, ե´ւ թիմային աշխատանքի շնորհիվ արդյունք է ստացվելու՝ շոշափելի-կիրառելի արդյունք:
Ծրագրին կարող են դիմել առցանց, մինչեւ օգոստոսի 1-ը, որին կհաջորդի հարցազրույցի փուլը (ծրագրի մանրամասներին ծանոթացեք՝ սկանավորելով վերեւում բերված QR-կոդը): Օգոստոսի 24-25-ին, 48-ժամյա միջոցառման, շփումների ընթացքում կձեւավորվեն աշխատանքային խմբերը: Մեկնարկը կլինի սեպտեմբերի 16-ին, 12 շաբաթ տեւողությամբ: Նախատեսվում են նաեւ շուկայաբանության, գործածարարության, անգլերենի դասընթացներ: Ծրագիրը հոգում է որոշ փոքր ծախսեր (օրինակ՝ մարզեր մեկնելու եւ տեղում կարիքները բացահայտելու նպատակով ապահովում են տրանսպորտով):
Համագործակիցության հետագա զարգացման համար խթան կհանդիսանա ՀԱԱՀ-ի կողմից ներկայումս իրականցվող «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի 3-րդ փուլի ավարտին պատրաստ կլինի նոր «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա» կրթական ծրագիրը, որը Թումոյի սաներին նոր հնարավորություն կընձեռի 2025-2026 ուսումնական տարում դառնալ ՀԱԱՀ-ի ուսանողներ։
Թումո լաբերում շատ կարեւոր են համարում ագրարայինցիների հետաքրքրվածությունը եւ սպասում են նրանց մասնակցությանը:
Հանդիպման վերջում ներկաները հաճելիորեն զարմացած շեշտեցին. հյուրը՝ Բելլա Վասիլյանը, որ միջազգային շփումների, հաղորդակցման մեծ փորձ ունի՝ մաքուր – անխառն-անթերի հայերենո´վ փոխանցեց այս շատ կարեւոր տեղեկությունը: