Համագործակցության հուշագիր է ստորագրվել Գրինկո ընկերության հետ

Մարտի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գրինկո ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կոծինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ընկերությունը Հայաստանում (եւ ոչ միայն) հայտնի է շուրջ 190 հեկտար ինտենսիվ այգիներով, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն եւ Արարատի մարզի Երասխ համայնքներում։

Ողջունելով Գրինկոյի ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնելով համագործակցելու նրանց պատրաստակամության համար, ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ Ագրարային համալսարանի համար առաջնահերթ կարեւորություն ունի ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ համատեղ ուժերով մասնագետների պատրաստումը, գործող մասնագետների վերապատրաստումը, ուսանողների աշխատանքային կիսամյակի արդյունավետ անցկացումը եւ փորձարարական-հետազոտական աշխատանքների իրականացումը։ Այս առումով, մարդկային կապիտալի զարգացման ու նորագույն, թվային տեխնոլոգիաների ներդրման գործիքների համատեղ արդյունավետ օգտագործումը, որի հնարավորությունը լիուլի տալիս է այսօրվա Ագրարայինը, մեծապես կնպաստի ընկերության եւ առհասարակ ոլորտի արտադրողականության եւ եկամտաբերության ավելացմանը։

Գրինկո ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության այս հնարավորության համար եւ նշեց, որ ընկերությունը պատրաստ է ընդհանուր հաջողությանը ծառայեցնել իր արտադրական ու մարդկային ռեսուրսները։ «Մենք բաց ենք համագործակցության, մեր փորձը Ագրարայինի ուսանողներին հաղորդելու եւ մեր պրոֆեսիոնալ, կայացած ու հավակնոտ թիմում նրանց ընդգրկելու համար։ Որպես պոտենցալ գործատուի, մեզ համար ամենաարեւոր չափանիշը, գիտելիքից զատ, աշխատանքին նվիրվելու եւ անընդհատ սովորելու ձգտումն է», – ասաց պարոն Կոծինյանը։

Գրինկո ընկերության հետ համագործակցությունը, որ, ըստ էության, արդեն մեկնարկել է Գրինկոյի գործընկերների, Ագրոնոմիական ֆակուլտետի եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի ջանքերով, լավ հեռանկարներ է խոստանում՝ դատելով կողմերի փոխվստահությունից եւ արդեն մշակվող իրատեսական ու խոստումնալից պլաններից։ Ի դեպ, գործակցության ուղղություններից մեկն էլ կլինի Ագրարայինի դուալ կրթական ծրագրերի ընդլայնվող տիրույթում Գրինկո ընկերության ներգրավումը, որի մասին «հուշեց» ռեկտոր Ուռուտյանը։

Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, ԿԶՇԿ բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոն դասախոս Էթերի Ստեփանյանը բարձր գնահատեցին պտղաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ մեկնարկած համագործակցությունը, որից իրենք բավականին մեծ ու հիմնավորված ակնկալիքներ ունեն։

Այգեպտղաբուծության ոլորտի առաջատար Գրինկո ՍՊԸ-ն հայտնի է ոչ միայն իր որակյալ արտադրանքով, այլեւ ագրոխորհրդատվության եւ ծառայությունների մատուցման գործունեությամբ, օգտագործվող այգեգործական ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով եւ գործելակերպով։

Հուշագրի ստորագրումից հետո, դեկան Տեր-Գրիգորյանի ուղեկցությամբ, հյուրերը ծանոթացան Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիային, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնին եւ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիային: