Սիսիանի մասնաճյուղում ուսուցիչները վերապատրաստվում են դպրոցներում «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը վարելու համար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սեպտեմբերին դպրոցներում ներդրվող մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին ընդառաջ նախ վերապատրաստվում են կենսաբանության ուսուցիչները։ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում օգոստոսի 22-26-ն անցկացվող դասընթացին մասնակցել  է 7 ուսուցիչ Սիսիանի, 2-ական` Գորիսի եւ  Տավուշի   դպրոցներից։

Դասընթացը պատրաստել եւ վարում են ՀԱԱՀ դասախոսները։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված եւ ավագ դասարանների համար նախատեսված «Ագրոտեխնոլոգիա» նոր դասընթացի կրթական ծրագիրը նույնպես մշակվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում սեր արթնացնել ագրարային մասնագիտությունների նկատմամբ եւ ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Դասընթացի մեկնարկին ուսուցիչներին ողջունեցին ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը` ընդգծելով ներդրվող դասընթացի կարեւորությունը մարզերում, առհասարակ ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար եւ նորարարական միտումները։

Ուսումնական տարվա ընթացքում էլ Ագրարային համալսարանը դասավանդող ուսուցիչներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու։ «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացի գործնական մասն անցկացվելու է ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնափորձնական տնտեսությունում, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպություններում։