Արդեն 110 տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայերս մոլորակի առաջադեմ մարդկության հետ միասին խնկարկում ենք Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի հիշատակը։
Սակայն ցեղասպանություն վերապրածների ժառանգներիս համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ մեր անկախ պետականությունն արժեւորելու, հզորացնելու եւ զարգացնելու մարտահրավերի օր է։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու համար հարկավոր է ամեն հաջորդ Ապրիլի 24-ին ունենալ ավելի զորեղ եւ ավելի դիմակայուն Հայաստանի Հանրապետություն եւ ավելի բարեկեցիկ ու ապահով պայմաններում ապրող քաղաքացի։
Մեզ՝ ագրարային կրթության ոլորտի մշակներիս, առանձնահատուկ դեր ու պատասխանատվություն է վերապահված մեր պետության հզորացման գործում։ Համազգային պատասխանատվության մեր բաժինը գիտակցելով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խնդիր է դրված պատվով կատարելու ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու առաքելությունն ու զարգացնելու կիրառական գիտությունը։
Մեր ցեղասպանված մեկուկես միլիոն նախնիների, ինչպես նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության կայացման ու հզորացման բոլոր նահատակների հիշատակը հարգելու համար, մեզանից պահանջվում է ամենօրյա ազնիվ ու նվիրված աշխատանքով՝ կրթական, գիտական ու տնտեսական նվաճումներով, շենացնել մեր պետությունը։