Սիրելի ուսանողներ, ինչպես գիտեք, 1946 թվականից սկսած, նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ կարեւորելով ուսանող երիտասարդության համերաշխությունը, քաղաքացիական ակտիվությունը եւ հասարակական կյանքում էական շարժիչ ուժ լինելու անհրաժեշտությունը։
Ագրարային համալսարանի ուսանողների պարագայում համերաշխությունն ու ակտիվությունը նախ եւ առաջ պետք է դրսեւորվեն մասնագիտական հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու, դրանք անընհատ կատարելագործելու ձգտումով եւ մեր երկրի ագրոպարենային ոլորտի վերելքն ապահովելու եւ պարենային անվտանգության խնդրի լուծմանը նպաստելու պատրաստակամությամբ։
Այս տարին Ագրարային համալսարանի համար հոբելյանական է, եւ տեղին է արձանագրել, որ համալսարանի գործունեության 95-րդ տարին եզրափակում ենք մի շարք մարտահրավերներ հաղթահարած եւ ապագայի հանդեպ մեծ վստահությամբ։ Ապագա, որի կերտողները եւ շուրջ մեկդարյա բուհի ձեռքբերումներն ավելացնողները նաեւ դուք եք՝ մեր այսօրվա ուսանողները։
Այսօր հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու Ագրարայինի աշխատասեր, ուշիմ ու պատվախնդիր ուսանողներին, որոնք իրենց բաց մտքով, սովորելու եւ գիտելիքը ստեղծագործ աշխատանքի ու նորարարության վերածելու ձգտումներով պատրաստվում են ստանձնել ոլորտի առաջնորդների իրենց վաղվա դերակատարությունը։
Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում, որ հաստատակամությունն ու առաջադիմությունն ուղեկցեն ձեզ դեպի մասնագիտական բարձունքներ։
Բարի ցանկություններով՝
Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ
ՀԱԱՀ ռեկտոր



