ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ապրիլյոթյան ուղերձը

Հարգելի գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ։ Ապրիլի 7-ը ոչ վաղ անցյալում մեր ազգային տոնացույց մտած շատ գեղեցիկ, խորիմաստ եւ խորհրդանշական տոն է։ Այսուհանդերձ, կուզենայի շեշտել, որ ձեր հանդեպ մեր առանձնահատուկ վերաբերմունքը չի սահմանափակվում միայն մեկ օրով կամ մեկ ամսով․ ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու գործելաձևը, աշխատանքի, ուսման հանդեպ ձեր՝ դրական իմաստով տարբերվող վերաբերմունքը մեր մշտական բարձր գնահատանքին են արժանանում։

Ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված մենք բազում հաջողոթյուններ ենք արձանագրել Ագրարային համալսարանի վերափոխման ճանապարհին։ Ավելին՝ մեր ընդհանուր աշխատանքը արժեւորելու, թերությունները շտկելու եւ նոր բնագծեր նախանշելու գործում մենք խոհեմաբար հենվում ենք ձեր օբյեկտիվ վերլուծությունների ու անկեղծ կարծիքների վրա։ Միասին մենք դեռ շատ ու կարեւոր անելիքներ ունենք մեր 95-ամյա բուհի հետագա առաջընթացն ապահովելու համար։

Հարգելի գործընկերուհիներ եւ սիրելի ուսանողուհիներ, Մայրության եւ գեղեցկության տոնի առիթը օգտագործելով, ցանկանում եմ մաղթել խաղաղություն մեր երկրին եւ բարեկեցություն ձեր ընտանիքներին։

Եղեք մշտապես սիրված ու գնահատված, որը թույլ կտա տոնական տրամադրություն ունենալ ոչ միայն տոնական օրերին։