ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի Ամանորի եւ Սուրբծննդյան ուղերձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։

2024 թվականը մեր համալսարանի` մեր մեծ ընտանիքի համար եղել է դժվարությունների հաղթահարման, բարեփոխումների տրամաբանական շարունակության եւ երկար սպասված դրական փոփոխությունների տարի։

Աներկբա են մեր հաջողությունները կրթության որակի շարունակական բարձրացման, կարգապահության ու պատասխանատվության հարցերում առաջընթացի, գիտական ասպարեզում ցանկալի ազդեցության, առավելեւս՝ ուսանողական համակազմի՝ վերջին տարիների համար աննախադեպ համալրման ուղղություններում (ընդհանուր առմամբ, ՀԱԱՀ՝ ներառյալ մասնաճյուղերը, ընդունվել է 1924 դիմորդ՝ 67 տոկոսով ավելի, քան նախորդ ուստարի)։

Ձեռքբերումների շղթայում իրենց ուրույն տեղն ունեն երկրում առաջինը մեր քոլեջում ներդրված դուալ ուսուցման զարգացումն ու ընդլայնումը, աշխատանքային կիսամյակների նորարարական գործելակերպի ներդրումից ի վեր դրա անընդհատական զարգացումը, ՀԱԱՀ-ի համբավավոր միջազգային կրթական ծրագրերի չթուլացող առաջադիմությունը, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի գիտական հենքի, կիրառական նշանակության ավելացումը։

Համալսարանի գիտական ստորաբաժանումները ծանրակշիռ նվաճումներ են արձանագրել՝ ազդեցության բարձր գործոն ունեցող միջազգային պարբերականներում հրապարակումների աննախադեպ բարձր թվով եւ գիտական արդյունքի առեւտրայնացման ուղղությամբ դրական տեղաշարժի առումով։

Տարին հագեցած էր միջազգային կրթական եւ գիտական համագործակցության նախագծերի իրականացման, արտերկրի՝ եւրոպական եւ համաշխարհային կառույցների պատկառելի պատվիրակությունների ընդունման, միջազգային գիտական խոշոր համաժողովներ հյուրընկալելու, նոր համալսարանների հետ հուշագրեր ստորագրելու առումով։

Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ տասնյակ դասախոսներ 2024-ին դասավանդել եւ/կամ վերապատրաստվել են եւրոպական բազմաթիվ գործընկեր համալսարաններում։ Բազմիցս նաեւ ընդունել ենք եւրոպացի գործընկերների՝ փորձի փոխանակման եւ դասավանդման առաքելությամբ։

Համալսարանի նորամուծություններից մեկը՝ ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդները, գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել են ապահովել աշխատաշուկայի հետ կապի նոր որակ, որի շնորհիվ հնարավոր է եղել ավելի արագ արձագանքել շուկայի իրական կարիքներին։

Հուլիսին, ՀԱԱՀ շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շեշտելով ագրարային կրթության՝ երկրի համար ռազմավարական նշանակությունը, տեղեկացրել էր, որ կառավարությունում քննարկվում է ագրարային մասնագիտություններով ուսանողներին բարձր կրթաթոշակ տրամադրելու հարցը։ Արդեն սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց Ագրարային համալսարանի ուսանողներին բարձր կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ որոշումը՝ հնարավորություն ընձեռելով ՀԱԱՀ 15 կրթական ծրագրերով բակալավրիատի եւ մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կուրսերի ուսանողներին ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, որը հաջորդ կուրսերում, բարձր առաջադիմություն ունենալու պարագայում, կհասնի 77 հազար դրամի։ Ընթացիկ ուստարվա 4 ամիսների ընթացքում ՀԱԱՀ համապատասխան կուրսերի ուսանողները արդեն ստացել են 280-հազարական դրամ կրթաթոշակ։

Բացի այդ, 2024 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հնարավորություն ստեղծվեց քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտներին արտոնյալ պայմաններով ընդունվել Ագրարային համալսարան։ Ագրարայինում ըստ արժանվույն ենք գնահատում պետական կառավարման մարմինների այս կարեւոր քայլերը, հայտնում մեր երախտագիտությունն ու որակյալ կրթություն ապահովելու մեր վճռականությունը։

Անցնող տարին նշանավորվեց նաեւ ՀԱԱՀ-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման Թայմս (THE – Times Higher Education) հարթակի Ազդեցության վարկանիշային ցանկում հայտնվելով։ Վարկանիշը տրվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում հաջողության հասած բուհերին։

Սիրելի ագրարայինցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ թող 2025-ը լինի մեր երկրի համար խաղաղության, տնտեսական բարգավաճման եւ ազգային նվիրական նպատակների իրականացման տարի, նպատակներ, որոնց իրականացման գործում մեծ դեր է վերապահված Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Խաղաղություն, սեր ու բարեկեցություն ձեր ընտանիքներին։