«Նորարարության եւ տեխնոլոգիայի սինգապուրյան շաբաթի» (SWITCH) շրջանակում նոյեմբերի 8-ից 11-ը տեղի ունեցավ «Global Gateway to Innovation in Asia» համաժողովը, որին առցանց մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Երեկ՝ նոյեմբերի 10-ին նա հանդես եկավ Ագրարային համալսարանում ագրոտեխնոլոգիական նորաստեղծ լաբորատորիաների եւ համալսարանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկուցմամբ: Համաշխարհային լայն ընդգրկում ունեցող այդ համաժողովում պարոն Ուռուտյանը հինգ այլ բանախոսների հետ ներկայացնում էր Եվրասիական տարածաշրջանը: Ռեկտորի զեկուցումը Եվրասիական տարածաշրջանի ընդհանուր թեմայի («Գյուղատնտեսության տեխնոլոգիական փոխակերպումը Եվրասիական տարածաշրջանում») ներքո էր:
Եվրասիայի տարածաշրջանը ներկայացնող զեկուցողների թվում էին նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը եւ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Արմեն Հարությունյանը:
Սինգապուրյան շաբաթը համաշխարհային հարթակ է, որը մեկտեղում է համաշխարհային նորարարական էկոհամակարգը ներկայացնող առաջնորդների, ձեռնարկատերերի, ստեղծագործողների, աքսելերատորների եւ ներդրողների՝ նոր գաղափարների բաց փոխանակման եւ նորարարամետ գործողություններով տարբեր ոլորտներում եւ շուկաներում նոր լուծումներ ասպարեզ բերելու ձգտումով:
Համաժողովի աշխատանքները դեռ չավարտված՝ ռեկտոր Ուռուտյանն արդեն մի շարք երկրներից համագործակցության առաջարկներ է ստացել, մասնավորապես՝ ագրոթեք ոլորտի ստարտափների զարգացման ուղղությամբ: