ՀԱԱՀ պատկառելի պատվիրակությունը վերապատրաստվել է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 10-14–ն ընկած ժամանակահատվածում Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ՈԳԱ կենտրոնի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Նաիրա Ալոյանը եւ Տվյալագիտության ամբիոնի դասախոս Գեւորգ Քեշիշյանը Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում մասնակցեցին վերապատրաստումների։

Առաջին օրը խումբն այցելեց Զոգրաֆո Կամպուս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների եւ վարչական, ուսումնական եւ ուսանողների գործերի գծով պրոռեկտոր պրոֆեսոր Դրոսոս Գինտիդեսի հետ, որը հանգամանորեն ներկայացրեց բուհի կառուցվածքը, կրթական ծրագրերը։

Ագրարայինի թիմը ներկայացրեց մեր բուհի կառուցվածքը, գործունեությունը եւ ձեռքբերումները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավոր ուղղությունները, նաեւ խոսելով համալսարանի ձեռքբերումների մասին եւ որպես խորհրդանշական ապացույց, պրոռեկտոր Գինտիդեսին նվիրեցին ՀԱԱՀ արտադրության «Սերունդ» գինին։  Բուհի գրադարանում քննարկվեցին գրադարանի հարուստ մասնագիտական գրականությանից համատեղ օգտվելու հնարավորությունները։

Երկրորդ օրը ՀԱԱՀ պատվիրակությունը հանդիպեց Պիրեուսի համալսարանի ռեկտոր Միքայել Սֆակիանակիսի եւ միջազգային կապերի պատասխանատու, հունական համալսարանների կոմսորցիումի ղեկավար Կրիստինա Կոնտոգոլիդուի հետ: Ռեկտորը հայտնեց, որ իրենց համալսարանը ՀԱԱՀ-ին համարում է լավ գործընկեր եւ իրենք պատրաստակամորեն աջակցում են մեր համալսարանին՝ այլ հունական համալսարանների հետ կապերի ձեւավորման գործընթացում: Նաեւ հայտնեց գարնանը ՀԱԱՀ այցելելու իր մտադրության մասին:

Հուլիսի 12-ին այց կազմակերպվեց Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի Մեքենաշինության, Կիրառական մաթեմատիկական եւ ֆիզիկական գիտությունների, Քաղաքացիական ճարտարագիտության դպրոցներ։

Մեքենաշինության դպրոցում խմբին ընդունեց պրոֆ.  Պ. Կոստազոսը եւ ուղեկցեց Համալսարանի արտադրական տեխնոլոգիական լաբորատորիա: Նա ներկայացրեց լաբորատորիայի ժամանակակից սարքավորումներն ու մեքենաները, ռոբոտները, ուսանողների լաբորատոր աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությունը։ Լաբորատորիայում զբաղվում են մետաղների, պոլիմերների, կերամիկայի, կոմպոզիտների եւ այլ ինժեներական նյութերին առնչվող ուսումնասիրությամբ։ Լաբորատորիան շարունակում է համալրվել եւ զարգանալ գիտահետազոտական ծրագրերի,  ծառայությունների եւ կառավարության ֆինանսական միջոցներով:

Կիրառական մաթեմատիկական եւ ֆիզիկական գիտությունների դպրոցում մերոնք ծանոքացան նյութերի լազերային միկրոմշակման խմբի հետազոտական գործունեությանը, որը ներառում է լազերային նյութերի մշակումը օպտոէլեկտրոնիկայի եւ կենսաբանական կիրառությունների համար եւ լազերային հավելումների արտադրությունը։

Ուսանողների հարցերի դեպարտամենտում ծանոթացան կրթաթոշակի ստացման կարգին, սննդին, կեցությանը եւ առողջապահությանն առնչվող հարցերը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կապ հաստատել ՀԱԱՀ կարիերայի եւ շարունակական կրթության բաժնի հետ՝ մասնավորապես աշխատաշուկայի վերլուծության, անձնակազմի վերապատրաստման, կարճաժամկետ դասընթացների եւ միկրոորակավորում ստանալու գործընթացների վերաբերյալ։

Հաջորդ այցը Որակի գնահատման դեպարտամենտում էր, որտեղ դեպարտամենտի պետ պարոն Ս. Ֆրագկոսը մանրակրկիտ ներկայացրեց բուհի հավատարմագրման հետ կապված առանձնահատությունները, ընթացակարգերը։ Հաշվի առնելով հյուրընկալող համալսարանի բարձր դիրքը վարկանիշավորման համակարգում՝ ՀԱԱՀ թիմը որակի գնահատման դեպարտամենտի հետ քննարկեց իրենց փորձը, որը շատ կարեւոր է ՀԱԱՀ-ի համար, քանի որ առաջին անգամ է դիմել այդ համակարգի մաս կազմելու համար: Պարոն Ֆրագկոսը ներկայացրեց իրենց ցուցանիշները, դրանց բարելավման ռազմավարությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀԱԱՀ-ին այդ գործում:

Վերջին օրը Պիրեուսի համալսարանի միջազգային կապերի պատասխանատու, կոնսորցիումի ղեկավար Կրիստինա  Կոնտոգոլիդուի հետ քննարկվեցին ապագա հնարավոր գործակցային ծրագրերը, համատեղ ասպիրանտական ծրագրի ներդրման գաղափարը եւ այլ հարցեր` փոխգործակցությունն ավելի խորացնելու նպատակով: