Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Կարինե Մնացականյանը «Բուսաբուծական հիմնական ճյուղերի էկոնոմիկա» դասընթացի շրջանակում բաց դաս վարելու համար հրավիրել էր ագրարային ոլորտի հայտնի գործարար, Արգրեյն ՍՊԸ տնօրեն, մարկետոլոգ, ֆերմեր Հարություն Մնացականյանին։ Երկրորդ կուրսեցիների հետ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, ձգվեց նախատեսված ժամից ավելի։
Պարոն Մնացականյանը արժեքավոր շատ գաղափարներ հաղորդեց եւ խորհուրդներ տվեց խիստ հետաքրքրված լսարանին՝ վկայակոչելով սեփական հարուստ փորձը բուն գյուղատնտեսական արտադրության, ագրոբիզնեսի կառավարման, գյուղմթերքի արտահանման, գործարար կապերի ստեղծման, պետություն – մասնավոր հատված փոխհարաբերությունների կառուցման բնագավառներում։ Անխուսափելի է մեր երկրի գյուղատնտեսական ապագան, եւ այս առումով բանախոսը կարեւոր ուղերձներ հղեց ուսանողներին այդ ապագան կերտելու գործում հենց իրենց առանցքային դերակատարության եւ կոնկրետ անելիքների եւ, որ կարեւոր է՝ այդ ճանապարհին նախ եղած առասպելներն ու խոչընդոտները հաղթահարելու ուղիների վերաբերյալ։
Կարող եք սկսել փոքր ծավալներից, սակայն ոչ «փոքր» մտածելուց, «մեծ» մտածեք եւ գործեք․ վատ մի զգացեք երեւակայելուց․ մեծ գումարներ աշխատելն ավելի հեշտ է, քան փոքր գումարներ․ եթե դուք ագրոբիզնեսի մեջ եք, ուրեմն չպետք է կանգ առնեք, այլ պետք է մշտապես աճեք․ մասնակցեք միջազգային ցուցահանդեսների․ օգտվեք արհեստական բանականության ընձեռած լայն հնարավորություններից․ բիզնեսում ամենակարեւոր առավելություններից մեկը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ երջանկությունը դրամի մեջ չէ, այլ հոգեւոր բավարարվածության։ Ամենասարսափելին անօգնականության զգացումն է․․․
Որպես բիզնեսում եւ ընդհանրապես կյանքում հաջողելու կարեւորագույն նախապայման, պարոն Մնացականյանը առանձնահատուկ կերպով նշեց կրթության դերը՝ «առանց կրթության ոչինչ չկա եւ չի կարող լինել» ձեւակերպմամբ։
Բանախոսը նաեւ ուսանողների հարցերի բավականին հարուստ «գունապնակով» ուղղորդված, խոսեց բազմաթիվ հարցերի մասին՝ գյուղմթերքի արտադրություն, որակ, պահեստավորում, հետբերքահավաքային տնօրինում, վաճառք, որակի վերահսկողություն, գործարար կապեր, մասնագիտական ձեռնհասություն եւ փափուկ հմտություններ, պետական աջակցության ծրագրերի նպատակայնության բարձրացման եւ լոգիստիկ կենտրոնների ստեղծման հրատապ անհրաժեշտություն, նոր հիմնվող գյուղատնտեսական ընկերություններին եւ երկրում ու ոլորտում տիրող անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններին ուղղված զգուշավոր-լավատես հայացք եւ այլն։
Հարություն Մնացականյանն իր աշխատանքային, մեղմ ասած, հետաքրքիր կենսագրությունը կառուցել եւ «կոփել» է տարբեր ընկերություններում՝ մինչեւ սեփական բիզնես հիմնելը եւ սեփական առինքնող ուղին նախանշելը։ Մշակել է ավելի քան 40 տեսակի ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր, կորցրել է հարյուրավոր հեկտար հողեր ու արտադրական ամբողջ ենթակառույցը, բայց չի ընկրկել։ Արցախում զինվորագրվել է գյուղատնտեսության զարգացման, իսկ օրհասական պահին՝ նաեւ Արցախի ազատագրության գործին։ Իր փորձառությամբ ու փորձագիտությամբ օգնել է նաեւ ոլորտի պետական կառավարման մարմիններին։ Եվ այսօր եւս մեկ կարեւոր ուղերձ ունի ապագա ագրոտնտեսագետներին․ «Հայաստանում «զորբայության» դարաշրջանն անցել է, մնում է ձերբազատվել տնտեսական (եւ ոչ միայն) առասպելներից եւ լծվել երկրի իրական զարգացման գործին․ այս առումով ձեր աստեղային ժամը հիմա է՝ բաց մի թողեք այն»։














