ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 13-19-ը: Մեր պատվիրակության կազմում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Մանյա Կարապետյանը, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը, բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները:
Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին սեմինարի, որի ընթացքում պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ծրագրի գործունեությունը: Սեմինարից հետո կազմակերպվեց շրջագայություն ՎԹԿԳ համալսարանի տարածքում: Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեղվաբուծական, տավարաբուծական, խոզաբուծական եւ թռչնաբուծական ուսումնական տնտեսություններին` տեղում տեսնելով, թե ինչպես է կազմակերպվում ուսումնափորձարարական գործընթացը:
Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու նաեւ կենսագազի արտադրության փուլերը՝ ավելի լավ պատկերացում կազմելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների եւ դրանց կարեւորության մասին:
Ուսանողները այցելեցին նաեւ պատմամշակութային քաղաքներ (Անսբախ, Ռոթենբուրգ, Նյուրնբերգ, Մյունխեն, Վյուրցբուրգ) եւ ծանոթացան Գերմանիայի պատմությանն ու մշակույթին:
Ագրարայինի պատվիրակները, հատկապես ուսանողները, գործընկեր համալսարանից եւ բարեկամ երկրից վերադարձել են շատ դրական հույզերով, ինչպես նաեւ բարձր շահադրդվածությամբ: