Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 08.07.2025 թ. 1567-Ա/2 հրամանով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին տրվել է մագիստրոսի կրթական ծրագրով, ուսուցման գրական հայերեն լեզվով, առկա ուսուցմամբ, ուսուցման 1.5 տարի տեւողությամբ՝ 041301.00.7-«Կառավարում» մասնագիտության՝ 041301.42.7-«Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» եւ 071201.00.7-«Շրջակա միջավայրի պահպանություն» մասնագիտության՝ 071201.05.7-«Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ» կրթական ծրագրերով՝ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20-ական տեղերի թվերով գործունեության թույլտվություն եւ լիցենզիայի հերթական ներդիր:
ՀԱԱՀ-ի առաջարկած «Կանաչ տնտեսության ռազմավարական կառավարում» եւ «Կայուն քաղաքներ եւ կանաչ տեխնոլոգիաներ» նոր կրթական ծրագրերը մշակվել են Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» (Transforming Graduate Education for Green and Sustainable Future – T-GREEN) նախագծի շրջանակում։ Նշենք նաեւ, որ նախագծի շրջանակում վերանայվել է նաեւ առկա Պարենամթերքի տեխնոլոգիա մագիստրոսական ծրագիրը, որոշակի մոդուլներ վերապրոֆիլավորվել են գոյություն ունեցող ուսումնական պլանը ավելի «կանաչ» դարձնելու նպատակով (ավելացել են 4-5 առարկայական ծրագիր, ընդամենը՝ 20-25 կրեդիտ)։
T-GREEN-ը բուհերում իրականացվող հետբակալավրիական կրթությանն անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված եռամյա նախագիծ է, առանցքային «կանաչ» քաղաքականությամբ։ Նախագիծը միավորել է 17 կառույց, այդ թվում 4 եվրոպական եւ 9 հայաստանյան բուհեր, ներառյալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, եւ բուհերին հնարավորություն է տվել ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու «կանաչ» ուսումնական ծրագրերի եւ պատրաստել համապարփակ գիտելիքներով, կարողություններով եւ նորարարական հմտություններով զինված մասնագետներ։