ՀԱԱՀ-ը Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի առանցքային մասնակից

Ագրարային համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի եւ «Սիվիտտա Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համատեղ իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հերթական նախագիծը՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը (Armenian Workforce Development Activity): Օրերս պաշտոնապես բացված ծրագրի արժեքը 8,5 մլն ԱՄՆ դոլար է, որից 7,5 դոլարը ԱՄՆ ՄԶԳ-ն է ֆինանսավորում, մեկ միլիոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Ծրագրի իրականացման համար նախատեսված հինգ տարիների ընթացքում շուրջ 10 հազար մասնագետ կվերապատրաստվի, ընդ որում թիրախային խումբը երիտասարդները եւ կանայք են, որոնք, որպես ծրագրի արդյունք, աշխատանք կգտնեն, գյուղատնտեսության, ՏՀՏ, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում: Ստեղծվելիք շուրջ 7000 աշխատատեղերից ավելի քան 3200-ը լինելու է ագրարային ոլորտում, որտեղ այսօր, ինչպես ցույց են տալիս նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունները, իսկական կադրային քաղց է տիրում:

Այս իմաստով, հիշյալ համընկերությունում (կոնսորցիումում) Ագրարային համալսարանի մասնակցությունը ոչ միայն օրինաչափ է, այլեւ առանցքային նշանակություն ունի: Գնահատականի անաչառությունը դույզն ինչ չի տուժի, եթե հայտարարենք, ավելի ստույգ՝ կրկնենք երկրի գյուղատնտեսության ու կրթական հանրությունների, միջազգային գործընկերների շրջանում արմատացած համոզմունքը, որ հենց Ագրարային համալսարանն է վերջին տարիներին դարձել ոլորտի զարգացման շարժիչ ուժը: Ագրարայինն է այն հանգույցը, որ միավորում է մասնավոր եւ պետական հատվածների շահակիցներին, միջազգային խաղորդներին՝ իրենց տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսներով ու կարողություններով:

Ուստի, թե համընկերության անդամ կազմակերպությունների, թե շահառու հանրության եւ թե, բնականաբար, մեզ համար, կարեւոր է բուն համալսարանի կարողությունների զարգացումը ծրագրի ընձեռած հնարավորությունների սահմաններում: Այս առումով նախատեսված հիմնական քայլերը ներառում են.

  • 6 դուալ կրթական ծրագրերի ներդրում,
  • պահանջարկի վրա հիմնված կարճաժամկետ եւ երկարաժամկետ վերապատրաստման 3 դասընթաց,
  • 6 նոր լաբորատորիաներ՝ հիմնականում մարզային մասնաճյուղերում (ագրոճարտարագիտական, մսամթերքի, կաթնամթերքի, պահածոների) եւ մեկը՝ ցուցադրականը, Երեւանում.
  • գիտելիքի նորարարական եւս 2 հանգույցներ (հաբեր), որոնք, Վանաձորում եւ Գյումրիում արդեն գործողների հետ միասին կկազմեն մեկ ընդհանուր երիտասարդական ագրոնորարարական հարթակ,
  • կարիերայի զարգացման 12 կենտրոններ, որոնցից 6-ը՝ գյուղատնտեսական քոլեջներում, 2-ը՝ տարածաշրջանային,
  • վերապատրաստվելու է ՀԱԱՀ 300 դասախոս:

Ծրագիրը հնարավորություն է տալիս համալսարանին դեմքով  շրջվել դեպի միջին մասնագիտական համակարգը՝ օգտագործելով սեփական եւ գործընկերների մասնագիտական կարողությունները: Ագրոնորարարական հաբերի ռեսուրսն իր հերթին լավագույնս ծառայելու է ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Առհասարակ, ուսումնական եւ հետազոտական ու զարգացման աշխատանքներն իրականացվելու են բազմազան նորարարական ուղղություններով՝ սննդամթերքի արժեշղթաներ, խելամիտ երկրագործություն, ճշգրիտ գյուղատնտեսություն, ագրոէկոհամակարգերի հարակայունություն, կլիմայափոխություն եւ այլն:

Նոր ձեռնարկումներում մեծապես կօգնեն Ագրարային համալսարանում արդեն ստեղծված, հաջողությամբ գործող եւ չնվազող «ժողովրդականություն» վայելող կրթական ծրագրերն ու շուրջ երեք տասնյակ նորարարական ենթակառույցները:

Ինչպես ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աշխատաշուկան հնարավորինս արագ մասնագետներով համալրելու անհրաժեշտություն կա, եւ ծրագիրն այս հարցում եւս օգնելու է համալսարանին եւ գործընկերներին, ընդ որում՝ երիտասարդներին զինելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ ոչ մասնագիտական, «փափուկ» հմտություններով։